ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծին։
«Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար:
Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով»,– նշել է նա:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի՝ այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեսթային և գործնական քննությունները:
«Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ»,- նշել էր թերթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը