«Իրար հետ չկապված երկու բողոք էր ներկայացվել, և մեզ համար անհասկանալի էր, թե ինչու երկու բողոքները հայտնվեցին նույն վարույթում։ Մեկը վերաբերում էր գործի քննության կասեցմանն ու ՍԴ ուղարկելուն, մյուսը՝ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկում տեղի չի ունեցել առհասարակ։ Դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցություն ունենալուց, ինչով կոպտագույն կերպով խախտել է թե՛ մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, թե՛, ընդհանրապես, դատավարության մրցակցության սկզբունքը։ Հայկական քրեական դատավարության պատմության մեջ որևէ մեկը չի հիշում նման դեպք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Պաշտպանի բնորոշմամբ տեղի ունեցածը ծայրահեղ խայտառակ քայլ էր, որն իր հետևանքները շատ լուրջ ունենալու է ՀՀ դատական համակարգի համար։
«Որևէ կերպ հնարավոր չէ դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը ենթարկել բողոքարկման։ Եվ դա միայն պաշտպանական կողմի դիրքորոշումը չէ։ Վերաքննիչ քրեական դատարանն իր կողմից նախապես քննարկած գործով՝ դատավոր Իշխան Բարսեղյանի գործով, երբ պաշտպանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի կողմից ՍԴ չդիմելու խնդիրը, վերաքննիչն արձանագրել է, որ թեև գործի կասեցումը կարող է բողոքարկվել, սակայն ՍԴ դիմել-չդիմելու հարցը բացառապես ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հայեցողության հարցն է, և որևէ դատական ատյան չի կարող ասել՝ դատարանը կարո՞ղ է կասկած ունենալ, թե՝ ոչ»,- ասաց Խուդոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը