«Մենք դատարանին չենք խնդրում ասել, թե ինչ ակտ եք կայացնում, այլ այն, թե ինչ ակտեր կարող են կայացվել: Քանի որ այդ տարբեր պրոցեսների դեպքում մենք տարբեր իրավունքներ և պարտականություններ են ունենում»,- դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով նաև, որ նախագահող դատավորը ևս համակարծիք է, որ առկա է որոշակի օրենսդրական բաց:
Պատասխանելով այն հարցին, թե գլխավոր դատախազի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ճնշում է գործադրել նախագահող դատավորի նկատմամբ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Մենք առաջին դատական նիստերից սկսած՝ ներկայացրել ենք իրավական դիրքորոշումեր, որ այս գործն ապօրինի քրեական հետապնդում է և բոլոր պաշտոնատար անձինքն հետագայում ենթարկվելու ենք քրեական պատասխանատվության: Նույն պահին նաև պետք է արձանագրենք, որ գլխավոր դատախազությունը ՀՀ-ում բոլոր քրեական գործերով անցնող մեղադրյալներին սպառնում է, դա լուրջ մոտեցում չէ»:
Հովհաննես Խուդոյանը նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի մնացած նիստերին ևս՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախագահող դատավորի վերջին օրերի գործողությունները վստահություն չեն ներշնչում դատարանի հանդեպ:
«Եթե որևէ պահի պարոն Քոչարյանը նպատակահարմար կգտնի իր դատավարական իրավունքների իրացման հարցում մասնակցություն ունենալ, ապա կմասնակցի նիստին»,- ընդգծեց պաշտպանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը