Վերաքննիչ դատարանն ի սկզբանե զրկված է հնարավորությունից՝ քննության առնելու ՍԴ դիմելու հարցը»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը. «Գործի վարույթի կասեցումը ենթադրաբար կարող է բողոքարկվել Վերաքննիչ ատյան, սակայն չի կարող քննարկվել՝ արդյոք առաջին ատյանի դատարանը կարող է դիմել ՍԴ թե ոչ։ Դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը կա, ինքը կասկած է ունեցել եւ դրա համար դիմել է ՍԴ»,-նշել է նա։
Ըստ Խուդոյանի՝ կոնկրետ դեպքում գնահատականը տալիս է ՍԴ-ն. «Սահմանադրական դատարանում հետագա վարույթի վրա միակ ազդեցություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանը։ Ինքն է որոշում վարույթ ընդունում է, վերջնական որոշում տալիս է թե ոչ։ Որեւէ այլ դատավարական գործընթաց չի կարող արգելք լինել դրա համար։ Հակառակը, ՍԴ ցանկացած որոշում կարող է իր ազդեցությունն ունենալ քրեական վարույթի վրա»։
Խուդոյանի խոսքով՝ եթե դատարանի որոշումն անհիմն է, այսինքն՝ կասկած չկա, ՍԴ-ն պարզապես վարույթ չի ընդունում, եթե կասկածը առերեւույթ հիմնավոր է, ՍԴ-ն գործը ընդունում է քննության. «Այսինքն՝ չի կարող 2 ատյան` Վերաքննիչ դատարանը եւ Սահմանադրական դատարանը, միեւնույն հարցի վերաբերյալ միաժամանակ պրոցես ունենալ»։
Այս պարագայում, ըստ պաշտպանի, Վերաքննիչ դատարանը կարող է գնահատել՝ գործի վարույթը կասեցնելը իրավաչափ է եղել թե ոչ. «Այսինքն՝ Վերաքննիչը պետք է ընդամենը մեկ հարցի պատասխան տա. արդյո՞ք Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանը դիմել է ՍԴ. եթե դիմել է, ապա կասեցման հիմքը կա, եթե չի դիմել, ապա կասեցման հիմքը պետք է վերացվի։ Ակնհայտ է, որ այս դեպքում դիմել է, ուստի այս բողոքը ձեւական բնույթ է կրում»։
Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ այս հարցի քննությունը Վերաքննիչում մեկ ամսից ավել չի տեւի։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը