Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ:
ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:
Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:
Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:
Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը