15 06 2024

Նախկին ոստիկանապետը հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց նոր բնակարան է ձեռք բերել Երևանում․ «Ժողովուրդ»

Նախկին ոստիկանապետը հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց նոր բնակարան է ձեռք բերել Երևանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտակ Պողոսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել 2023 թվականի փետրվարին։ Նախկինում նա զբաղեցնում էր Երևանի ոստիկանապետի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 22-ին. իսկ ավելի վաղ Արտակ Պողոսյանը զբաղեցրել է ոստիկանության՝ Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը։

Այժմ Արտակ Պողոսյանին վստահվել է ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մորը պատկանող 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի գործը։

Այսպիսով՝ նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց, նոր բնակարան է ձեռք բերել Երևան քաղաքում՝ բազմաբնակարան շենքում, 38 մլն 459 հազար դրամ արժողությամբ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է գրեթե նույնքան, հենց այստեղից էլ հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով։

Պողոսյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2020 թվականի արտադրության Lexus մակնիշի։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար եվրո և 580 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար եվրո։

Արտակ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 57 մլն 755 հազար դրամ, որից 21 մլն 275 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից։

Պողոսյանը, եկամտահարկի վերադարձի օրենքի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 906 հազար դրամ, որը հիփոթեքի մայր գումարը մարելու համար է, իսկ եկամտի 34 մլն 573 հազար դրամը վարկ է «ՎՏԲ-Հայաստան» բանկից։

Հաշվետու տարվա ընթացքում Պողոսյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 480 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար կատարած ծախսերը կազմել են 11 մլն 550 հազար դրամ։

Հավելենք, որ Պողոսյանի կինը՝ Նաիրա Դարբինյանը, աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում՝ որպես փորձագետ, որի համար հաշվետու տարում ստացել է 3 մլն 671 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Նրա կինը վարչապետի աշխատակազմից եկամուտ ստացել է 2022 թվականից սկսած։

Սա ևս մեկ ապացույց է, որ այս իշխանությունների օրոք «խնամի-ծանոթ-բարեկամ» թեզը խոշոր և պիրկ արմատներ է գցում պետության հիմքում։ Պաշտոնյաներն իրենց կանանց տեղավորում են պետական համակարգում աշխատանքի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ