Մայիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը: Երբ պաշտպանական թիմից փաստաբան Հայկ Ալումյանը ցանկանում էր ներկայացնել Արշակ Կարապետյանի ցուցմունքից դրվագներ, դատախազությունը միջնորդեց դրանք դռնփակ անցկացնելու համար: Դատավար Դավիթ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը և նիստը շարունակվեց դռնբաց:
Այնուամենայնիվ, մեղադրող կողմը Հայկ Ալումյանի ելույթը մի քանի անգամ ընդհատեց՝ առարկելով, որ ցուցմունքներից մեջբերումներն արվեն մասամբ, ոչ թե ամբողջությամբ, քանի որ կողմերը, ինչպես նաև դատարանը ծանոթ են գործի նյութերին։
Դատավորը ևս դիմեց փաստաբանին՝ հորդորելով ոչ թե ամբողջական մեջբերումներ անել, այլ կարծիք հայտնել հղումներ տալով: Նա ասաց, որ չի ցանկանում ներգործել պաշտպանական կողմի վրա, այլ ուղղակի ժամանակի խնդիր կա և եթե ամբողջ ծավալով ներկայացվեն ցուցմունքները, ապամի նիստը կարող է ամիսներ տևել և դեռ ցուցմունքների ներկայացումը ավարտված չլինեն:
Ի պատասխան Հայկ Ալումյանն ասաց.
«Հարգելի դատարան, ես եկել եմ իմ ձևով իմ խոսքը ներկայացնելու։ Ես մասնակցում եմ մի դատավարության, որտեղ մեղադրող կողմն ու դատարանն ինձ ասում են, թե ես իմ խոսքը ոմց կառուցեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը