Քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը համախոհների հետ պատրաստվում է հասարակական կազմակերպություն ստեղծել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մ.Բադալյանը հաստատել է տեղեկեւթյունները` նշելով, որ կազմակերպությունը զբաղվելու է հանրային ծառայողների խնդիրներով։
Հիշեցնենք, որ Մ.Բադալյանն է սկզբնավորման պահից ղեկավարել Քաղաքացիական ծառայության խորհուրդը` 2002 թվականից մինչեւ 2018 թվականը:
Իսկ այսօր առավել քան արդիական է դարձել պետական համակարգի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը. Մարդիկ աշխատանքից զրկվում են ընդհուպ վարչապետի բանավոր հանձնարարությամբ:
Մ. Բադալյանն ասել է, որ քաղծառայողների իրավունքները պաշտպանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և աշխատանքային օրենսգրքով։
«Պատահում են դեպքեր, երբ աշխատողներին դրդում են դիմում գրել և աշխատանքից հեռանալ: Երբեմն էլ բանավոր ձևով հանձնարարություն է տրվում ծառայողական քննության նշանակման մասին։ Նման դեպքում պետք է կիրառել օրենքում առկա ընթացակարգերը»,-ասել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով մի շարք պաշտոնանկություններ տեղի ունեցան, որոնցից մի քանիսի պատճառները այդպես էլ պարզ չդարձան, ոմանք նաեւ նախապես չեմ իմացել իրենց ազատման մասին
Նախ աշխատանքից ազատվեցին վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանն ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը։
Իսկ Նորագավիթի մաքսակետում էլ հրապարակավ հանձնարարեց աշխատանքից ազատել մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանին` դրոշն սենյակի անկյունում դրված լինելու համար, իսկ թե որքանով էր նա «մեղավոր» դրա համար ու արդյոք դրոշի պահպանումը մտնում էր Հայկի պարտականությունների մեջ` վարչապետին հետաքրքիր չէր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը