Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ քննիչի այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո իրենց դիմել են դատարան:
Խուդոյանի խոսքով՝ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը բացարձակ անհիմն է և որևէ կապ չունի նրան առաջադրված մեղադրանքի հետ:
Քոչարյանին միայն իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտին է կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել, իսկ նրա գույքը կալանքի տակ դնելու որոշման պահին նրան միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել` քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Այս հոդվածը որպես լրացուցիչ պատիժ չի նախատեսում գույքի հնարավոր բռնագրավում:
Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:
Խուդոյանի խոսքով՝ քննիչը գույքի վրա կալանք դնելու որոշման մեջ նշել է կալանք դնելու օրենքով նախատեսված բոլոր հիմքերը, և միայն դատական նիստերի ընթացքում դատախազը հստակեցրել է, որ եթե որոշման մեջ բոլոր հիմքերը նշվել է, դեռևս չի նշանակում, որ դրանք բոլորն առկա են: Դատախազն, ըստ Խուդոյանի, ասել է, որ գույքի վրա կալանք է դրվել հնարավոր քաղհայցի և դատական ծախսերի ապահովման համար: Նշենք, որ Քոչարյանի գործով քաղհայց ներկայացված չէ: Ինչ վերաբերում է դատական ծախսերն ապահովելու հիմքով ամբողջ գույքի վրա կալանք դնելուն, Խուդոյանի խոսքով` վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել, թե ինչ ծավալի դատական ծախսեր կարող են լինել:
Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար:
Խուդոյանի խոսքով` սկսած 2018 թվականի hոկտեմբերից, այսինքն` շուրջ 6 ամիս, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ իրենց բողոքը: Այն նախ քննել է դատավոր Արթուր Մկրտչյանն, ապա ինքնաբացարկի որոշում կայացրել: Այժմ գործը դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում է: Խուդոյանի խոսքով` քննիչն ու դատախազն անընդհատ խոչընդոտներ են ստեղծում գործի քննությունը ձգձգելու համար:
ՄԻՊ տարեկան զեկույցում անդրադարձ է կատարված Քոչարյանի իրավունքներին ու նշված, որ ՄԻՊ-ի միջամտությամբ վերացվել է Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը