26 02 2019

Արշակ Կարապետյանն ինքն իրեն է «առերեսվել»․ պաշտպան․ Armtimes.com

Արշակ Կարապետյանն ինքն իրեն է «առերեսվել»․ պաշտպան․ Armtimes.com

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացվել մեկը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մյուսը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Երկու բողոքներն էլ վերաբերում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրեր առաջ տարածած հաղորդագրությանը՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանքի վերաբերյալ: Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Առաջադրված մեղադրանքում Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց կառույցին դատի տալու մասին՝ նշելով, որ իր հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

Armtimes.com-ի զրույցը նրա պաշտպան Հայկ Ալումյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Ալումյան, առաջին ատյանի դատրանից բողոքով ի՞նչ եք պահանջում:

- Պահանջում ենք՝ ճանաչվի, որ այս գործողություններով (հաղորդագրությունով) խախտվում են Սեդրակ Քոչարյանի իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես անմեղության կանխավարկածը, պարտավորեցվի այդ մարմնին հերքել հաղորդագրության մեջ առկա  տեղեկատվությունը եւ ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից:

- Բողոքը վարույթ ընդուվե՞լ է, ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է:

- Դեռ ոչ մի պատասխան դատարանից չեմ ստացել, բայց բողոքը վարույթ չընդունելու որեւէ շանս ես չեմ տեսնում:

- Անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ ձեր հայտարարությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեդրակ Քոչարյանի հետ կապված անմեղության կանխավարկած չի խախտվել, ըստ նրա՝ ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել գործ եւ մեղադրանք առաջադրել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ոչ, ես պարոն Վանեցյանի գնահատականների հետ համամիտ չեմ, բայց երկու կողմեր ենք, թող դատարանը որոշի՝ մենք ենք ճիշտ, թե՝ պարոն Վանեցյանը: Մենք շատ կուզեինք, որ պարոն Վանեցյանը հերթական անգամ ճնշումներ չգործադրեր դատարանի նկատմամբ, թե չէ մնացած առումներով նորմալ ընթացակարգ է, ինքը մի կարծիքի է, մենք էլ՝ ուրիշ կարծիքի:

- Հերթական անգամ ճնշում գործադրել ասելով նկատի ունեք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություննե՞րը:

- Այո: Դա, իհարկե, շատ վաղուց եկող պրակտիկա է, այնպես չի, որ պարոն Վանեցյանից է սկսվել, դա չէի ուզի, որ այդպես ընկալվեր. պարոն Վանեցյանի պարագայում բոլորս գիտենք խոսակցության բովանդակությունը: Երկու վիճող կողմեր կան, շատ նորմալ է, որ տարբեր կարծիքներ կան, մնում է, որ այն դատարանը, որը պետք է մեր վեճը քննի, պարոն Վանեցյանից շատ չվախենա, մնացածը ես համոզված եմ, որ մենք կշահենք:

- Ասացիք, որ երկրորդ բողոք էլ եք ներկայացրել, ավելի մանրամասն կներկայացնե՞ք: 

- Գլխավոր դատախազին ենք բողոք ներկայացրել: Ճիշտ նույն բողոքն է, ինչ ներկայացրել ենք դատարանում, որովհետեւ ե՛ւ դատարանը իրավունք ունի իրավունքի խախտումը ճանաչել ե՛ւ նաեւ դատախազը չէ՞, որ ինքն էլ հսկողություն է իրականացնում քննության նկատմամբ, իսկ հաղորդագրությունը տարածվել է քննություն իրականացնող մարմնի անունից, հետեւաբար մենք գտել ենք, որ իրավասություն ունի նաեւ գլխավոր դատախազը:

- Դատախազությունից բողոքի պատասխան ստացե՞լ եք:

- Ոչ, դեռ պատասխան չենք ստացել:

- Պարոն Ալումյան, իսկ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ի՞նչ ընթացքի մեջ է, Արթուր Վանեցյանն ասաց՝ ծավալուն օպերատիվ- քննչական գործողություններ են կատարվում:

- Երբ այդ գործողություններից ինչ-որ մի մաս կներկայացվի մեզ եւ հանրությանը, մենք մեր գնահատականները ըստ այդմ կտանք, բայց հիմա մեզ ոչինչ հայտնի չէ, բացի այդ մշուշոտ ակնարկներից, որոնք հավանաբար նախատեսված են, որ էլ ավելի վախենանք այդ կառույցի հնարավոր հետագա գործողություններից:

- Պարոն Ալումյան, իսկ Սեդրակ Քոչարյանի մասնակցութամբ ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, մասնավորապես, առերեսում կատարվե՞լ է:

- Որոշ գործողություններ արվել են, որոնց չէի ցանկանա անդրադառնալ, որովհետեւ ինչ-որ ես կասեմ, դրանից անխուսափելիորեն հարցեր են առաջանալու եւ այդ ամեն ինչը կապված է նախաքննական գաղտնիքի հետ:

- Բայց կարո՞ղ եք ասել՝ առերեսում կատարվե՞լ է, թե՝ ոչ:

- Այո մեկ անգամ արվել է, բայց ում հետ, չեմ կարող ասել:

Հայկ Ալումյանը նաև կայքին հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերես հարցաքննվել ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հետ:

Թեեւ Քոչարյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, սակայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկի համաձայն՝ անձը, որը մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձին՝ այս դեպքում Արշակ Կարապետյանին: Ըստ էության, հենց այս որոշման հիման վրա էլ քննիչը առերես հարցաքննություն է կազմակերպել:

«Պարոն Քոչարյանը ցուցմունք չէր տվել եւ ասաց, որ եթե ես ցուցմունք չեմ տվել, իմ իրավունքը ապահովելու համար ինձ մի բերեք առերես հարցաքննության, եւ չգտնվեց այդ գործողության ժամանակ: Այդ գործողությանը գտնվել է միայն Արշակ Կարապետյանը եւ քննիչը. հիմա եթե այդ գործողության ժամանակ Արշակ Կարապետյանի տված ցուցմունքը կարելի է կոչել առերես հարցաքննություն, ես չգիտեմ էլի, ինչպե՞ս կարող է մարդը միայնակ առերեսվել, համենայնդեպս անունը դրել էին առերես հարցաքննություն, այդ մարդը նստել, միայնակ ինչ-որ բաներ է գրել, հետո քննիչը տակը ստորագրել է»,- մանրամասնել է Հայկ Ալումյանը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Արշակ Կարապետյանը միայնա՞կ է «առերեսվել», Ալումյանը պատասխանել է. «Արշակ Կարապետյանն առերեսվել է առանց իր հետ առերեսվողի, իր հետ մենակ նստել առերեսվել է: Մենք հումորով ենք վերաբերվում այդ կարգի գործողություններին, շատ սրտին մոտ չենք ընդունում»,- ասել է Ալումյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ