28 01 2019

Կին գանձապահին ծեծել է և միլիոնը հափշտակել․ Shamshyan.com

Կին գանձապահին ծեծել է և միլիոնը հափշտակել․ Shamshyan.com

Հունվարի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված բուքմեյքերական կենտրոնի գանձապահ, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Հասմիկ Ճ.-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում և գլխի հատվածում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։50-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված ներս է մտել նշված կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, որից հետո դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ և դիմել փախուստի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ