12 09 2018

Երկրորդ նախագահի պաշտպանի անդրադարձը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցին. Tert.am

Երկրորդ նախագահի պաշտպանի անդրադարձը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցին. Tert.am

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության գաղտնալսումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ուսումնասիրում են և կոնկրետ գործողություններ են անելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մենք ուսումնասիրում ենք ամբողջ ինֆորմացիան և ոչ միայն հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրում ենք նաև դրա վերաբերյալ արված մեկնաբանությունները և՛ ասուլիսի ընթացքում, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարությունները՝ ուղիղ հեռարձակման և հանրահավաքի ժամանակ: Ամեն բառն ուշադրությամբ ուսումնասիրում ենք և անելու ենք պաշտոնական հայտարարություն, մեր դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու ենք այդ ամենի վերաբերյալ և մի շարք գործողություններ ենք պատրաստվում անել և արդեն անում ենք»,-ասաց Հայկ Ալումյանը:

Թե հստակ ինչ գործողություններ են անելու, Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը սովորաբար գերադասում է գործողություններն անելուց հետո մեկնաբանել. «Անենք, պաշտոնապես մեր դիրքորոշումը կտարածենք և հարցեր լինելու դեպքում կմեկնաբանենք»: Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թ. հայ-ադրբեջանական սահմանից զորքերին հանել է, բերել և սեփական ժողովրդին օկուպացրել է, և դա ապացուցված է. «Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար: Մեր սահմանը եղել է անպաշտպան: Ո՞ր ուղեղով մարդը զորքը սահմանից կհանի և կբերի մայրաքաղաքի կենտրոն: Ո՞վ է նա, եթե ոչ քրեական հանցագործ, ո՞վ է նա, եթե ոչ հայրենիքի դավաճան»:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել է ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:

Ձայնագրությունում Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին պատմում է .«Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասաց՝ մի հատ գործը նայեմ, պարո´ն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը, ուզես-չուզես, պտի տաս»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ