Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մամուլի տեղեկության վերաբերյալ, ըստ որի, վերջին շրջանում կտրուկ աճել է ոստիկանության համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին, ու թե դրա պատճառը առանց «լևի» եկամուտի աշխատել չցանկանալն է:
Այս առնչությամբ, ոստիկանության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ոստիկանությունում ծառայության անցնողների և այլ աշխատանքի տեղափոխվողների կամ կենսաթոշակի անցնողների քանակը լիովին համադրելի է նախորդ և մյուս տարիների ցուցանիշներին:
Ոստիկանության պետը ստորաբաժանումներում հանդիպումներ, այդ թվում՝ մարզային կառույցներ այցեր է ունեցել մեկ ամիս առաջ, նպատակը առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումն ու ծառայության ընթացքին տեղում ծանոթանալն է եղել:
Ինչ վերաբերում է «լևի եկամուտին», ապա խորհուրդ կտայինք չիմացությամբ, թե կանխակալությամբ չվիրավորել մի ամբողջ համակարգի. ոստիկանության աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ և իր ոչ բազմաթիվ իրավախախտներին հենց ինքն էլ բացահայտում ու ներկայացնում է պատասխանատվության, ոստիկանությունն աշխատում է ողջ պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ, ինչի վկայությունն են հանցագործությունների բացահայտման շարժընթացը և վերջին ամիսների ցուցանիշները, որոնք հրապարակվում են»:
Հիշեցնենք, որ «Փաստ» օրաթերթը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Օրաթերթի հաղորդմամբ՝ բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները հրաժարվում են այդ գումարով աշխատել, քանի որ չեն կարողանում «ընտանիք պահել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը