ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե՛ մեղադրող և թե՛ պաշտպանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշել է, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ ասաց, որ իրենք նույնպես ստացել են որոշումը և այն մանրակրկիտ ուսումնասիրում են:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դառնան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը