168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը: Նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է:
Արման Մելքոնյանը «Երևան-Կենտրոնի» պետ էր նշանակվել «Արթիկ» ՔԿՀ-ում որպես պետ պաշտոնավարելուց հետո:
Նրա փոխարեն կնշանակվի «Դատապարտյալների հիվանդոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանը:
Արման Մելքոնյանի գլխին սև ամպեր վաղուց են պտտվում՝ կապված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված պատմության հետ: Վերջինս թույլ էր տվել, որ Քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին Տոնոյանը կարճ ժամանակով տեսակցի մորը: Այդ ժամանակ սակայն պալատական խարդավանքների արդյունքում աշխատանքից ազատվեց Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) Սերգեյ Ատոմյանը, իսկ Արման Մելքոնյանին հայտարարվեց խիստ նկատողություն:
Սակայն, փաստորեն, անգամ 24/7 ռեժիմով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը սպասարկող Գագիկ Մելքոնյանը չկարողացավ փրկել որդու պաշտոնը: Իսկ միգուցե այլ, ավելի բարձր պաշտոնո՞ւմ նշանակի:
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ աշխատանքից կազատվի նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանը: Նրա փոխարեն էլ կնշանակվի ՔԿՀ-ներից մեկի պետի տեղակալը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը