01 11 2024

Հարևանի տան պայթյունը վախեցրել է ՔՊ-ականին․ «Ժողովուրդ»

Հարևանի տան պայթյունը վախեցրել է ՔՊ-ականին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթյուն հնչեց: Ավելի ուշ պարզվեց, որ հարեւանի տան բակում էր այն:

ՔՊ-ականները, սակայն, տոտալ վախի մեջ էին, քանի որ զուգահեռաբար Գուրգեն Արսենյանի գրասենյակի առջեւ էին ռումբ տեղադրել, բայց այն չէր պայթել:

Այս դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կան կալանավորված 3 անձինք, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Եվ ահա, այս գործով հարցաքննվել է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի տված ցուցմունքը հայտնվել է «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում:

«Հարեւանիս՝ Արթուր Բաղդասարյանի տանը տեղի ունեցած պայթյունը քննարկել եմ վերջինիս հետ, սակայն իմ մտքով չի անցել, որ կատարվածը ահաբեկչություն է, եւ թիրախում ես եմ: Նույնիսկ հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այդ պայթյունը ինձ հետ առնչություն չունի, սակայն որոշ ժամանակ անց իրավապահներից տեղեկացել եմ, որ կատարվածը ահաբեկչություն է եղել եւ ուղղված է եղել իմ դեմ»։ 

ՀԱՐՑ. Դուք սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ ստացե՞լ եք հիշյալ դեպքից առաջ կամ հետո, եթե այո՝ ապա մանրամասնե՛ք:

ՊԱՏԱՍԽԱՆ. սպառնալիքներով որեւէ հաղորդագրություն չեմ ստացել:

ՀԱՐՑ . Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ ու ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող որեւէ պատճառ նշել:

ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը պատրաստված է եղել Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեր մեջ առաջացրե՞լ է տագնապի, անհանգստության զգացողություններ, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, ես վախ զգացել եմ ընտանիքիս անդամների կյանքի եւ առողջության համար, քանի որ նշված տանը բնակվում է իմ ընտանիքը, թոռներս, եւ նրանց կյանքին ու առողջությանը վերը նշված գործողության հետեւանքով կարող էր վնաս պատճառվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ