11 09 2023

Աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ ԿԸՀ-ն դիմում է գլխավոր դատախազություն

Աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ ԿԸՀ-ն դիմում է գլխավոր դատախազություն

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրություն է ուղարկում դատախազություն, այն իրավապահների ուսումնասիրման տիրույթում է»,- Yerevan.Today-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը՝ անդրադառնալով Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ տեսանյութին։

Հիշեցնենք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 7-ին Նոր Նորքում մոտեցել էր Տիգրան Ավինյանի հանրահավաքին՝ թուղթուգրիչով ու քաղաքացիներից հետաքրքրվել էր, թե ով որ դպրոցից ու մանկապարտեզից է բերվել։ Արդյունքում պարզվել էր, որ 743-778 հոգի բերվել է ցուցակագրված։ Նա նշում է, որ շուրջ 2500 հոգի է «բերման ենթարկվել» հանրահավաքին, պարզապես ՔՊ-ականները շուրջ 20 րոպե նկարահանելուց հետո մոտենում են և խոչընդոտում աշխատանքներին։

«Ակնհայտ էր, որ վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունենում, բայց մեր օրենսդրությունն այնպիսին է, որ վարչական ռեսուրսի չարաշահում հասկացությունը ոչ միշտ է որ հանցավոր է և իրենից հանցագործություն է ներկայացնում: Այս դեպքում դեպքում լրացուցիչ քննության և պարզաբանման կարիք կա: Բայց նաև վստահ եմ, որ որևէ արդյունավետ քննություն այս իշխանությունը իրականացնել չի կարող: Դա նույնիսկ կարող է շատ արհեստական գործընթաց լինել: Գուցե ճիշտն այն է, որ այս պահին քննություն չիրականացվի, որպեսզի հետագայում ավելի արդյունավետ քննություն իրականացվի»,- դեպքին անդրադառնալով՝ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց․ «Պետք է հասկանալ պարտադրանք եղել է, թե չի եղել, բայց ամեն դեպքում վարչական ռեսուրսի չարաշահում է, եթե մարդկանց ասում են եկեք, չեն հարկադրում ինչ-որ ձև, պաշտոնական դիրքի չարաշահում է: Մենք տեսնում ենք, որ այնտեղ համայնքապատկան կառույցներից են, այնպես չի, որ սպոնտան եկել են, դա ակնհայտ կազմակերպված է, դա ընտրախախտում է, վարչական ռեսուրսի չարաշահում: Հնարավոր է, որ խնդիրը ավելի լուրջ լինի, մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքով հարկադրեն բերեն, ինչն արդեն քրեորեն պատժելի արարք է: Սա ակնհայտ ընտրախախտում է, որ քաղաքապետարանը իր հնարավորությունները օգտագործում է ընտրություններին արդյունք ապահովելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ