Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի անօրինական շինությունների քանդմանը.
«Սիրելի երևանցիներ,
կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:
Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:
Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:
Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը:
Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 29-ի վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը քանդում է 8 ինքնակամ շինություն, որոնցում բնակվում են ընտանիքներ և նշում են, որ գնալու տեղ չունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը