05 07 2023

Կալանքը որպես խափանման միջոց դարձել է արդեն սովորական երեւույթ. Վարդան Պողոսյան. News.am

Կալանքը որպես խափանման միջոց դարձել է արդեն սովորական երեւույթ. Վարդան Պողոսյան. News.am

Հիմնական իրավունքների բացարձակ մեծամասնությունը երկրում ոտնահարվում է, խոսքի ազատության ոտնահարումը ամենաաղաղակողն է, բայց նաեւ հավաքների ազատության հետ կապված շատ մեծ խնդիրներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

«Ոստիկանության գործողությունները հավաքների անցկացման ժամանակ որեւէ քննադատության չեն դիմանում: Մարդու անձնական ազատության աղաղակող խախտումներ կան մեր երկրում: Նրանք, որոնք ինչ-որ առումով քաղաքականապես ակտիվ են եւ համարձակ են իրենց խոսքում, ըստ էության, ենթարկվում են բռնաճնշումների: Քաղաքական այն գործիչները, որոնք արմատական ընդդիմության ներկայացուցիչներ են, նրանց նկատմամբ հանիրավի հետապնդումներ են իրականացվում, անձի ազատության հիմնական իրավունքը մեր երկրում չի հարգվում:

Կալանքը որպես խափանման միջոց դարձել է արդեն սովորական երեւույթ: Իրականում դա պետք է բացառություն լինի:

Կարծ ասած, հիմնական իրավունքների տեսանկյունից որեւէ հպարտանալու բան այս իշխանությունը չունի: Բայց ցավոք սրտի, միայն դրանով չեն սահմանափակվում Սահմանադրության աղաղակող խախտումները»,-ասաց նա:

Խոսելով ընդհանրապես Սահմանադրության խախտումների մասին, սահմանադրագետն ասաց. «Մենք այսօր սահմանադրական կարգի տոտալ տապալում ունենք: Սահմանադրությունը ստեղծվում է նրա համար, որ տվյալ երկրում ապրող բնակչությունը ունենա իրավունքներ, դրանք հարգվեն պետության կողմից, պետական իշխանության մարմիններն էլ սահմանափակված լինեն Սահմանադրությամբ եւ օրենքներով: Հիմա մենք բացի հիմնական իրավունքների տոտալ խախտումներից, նաեւ ունենք այնպիսի իշխանություն, որի համար սահմանադրական հիմնարար արժեքները այլեւս ոչինչ չեն նշանակում: Մենք ժողովրդավարական պետություն չենք այլեւս, ինչքան էլ իշխանությունները եւ իրենց արեւմտյան ձայնակիցները թմբկահարեն, թե Հայաստանը ժողովրդավարության կղզի է: Եթե սա է ժողովրդավարությունը, ուրեմն պետք է ժողովրդավարությունը որպես գաղափար թաղել: Իրավական պետության առումով մենք ահռելի հետընթաց ենք արձանագրել: Դատական իշխանությունն, ըստ էության, ոչնչացված է, դատական իշխանությունում կա խիզախ դատավորների մի փոքր կղզյակ, որոնք փորձում են դեռ արդարադատություն իրականացնել այս երկրում, բայց սկսած ՍԴ-ից, վերջացրած առաջին ատյանի դատարաններով, այսօր դատական իշխանության տոտալ ենթարկեցում ունենք գործադիր իշխանությանը: Իսկ եթե դատական իշխանությունը չի գործում, չկա, իրավական պետություն չի կարող լինել»,-ընդգծեց Վարդան Պողոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ