Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչու է դատարանը կալանքի հարցի մասին որոշումը հրապարակում մեկ օր անց:
Սկզբից վերապահում անեմ, որ նշածս չի բխում ստացված կոնկրետ տեղեկություններից, այլ սեփական մեկնաբանություն է՝ մի քանի տարվա փորձի վրա հիմնված:
Քաղաքական բնույթի քրեական վարույթներին ներգրավված կամ հետևող փաստաբանները վերջին տարիներին տեսնում են իրավապահ և դատական ատյաններում այդպիսի գործերով իրավունքի էության այլասերում: Ավելի պարզ՝ իրավաբանությունը այս հարցերում երրորդային է:
Այս գործերով պաշտպանությունը նման է յուրատեսակ շախմատի, երբ
֊ մրցակիցը տեսնում է քո ֆիգուրների դասավորվածությունը, իսկ իրենը անտեսանելի են,
֊ մրցակիցը իրավունք ունի կանոնների խախտմամբ քայլեր կատարել, իսկ դու ոչ
֊ մրցակիցը իրավունք ունի ցանկացած պահի հեռացնել քո որևէ ֆիգուր
Բայց նույնիսկ երբ այդ պայմաններում մոտենում ես հաղթանակին, վերջին պահին խաղատախտակը ջարդում է գլխիդ:
Ուստի շատ գործերով ստիպված ենք լինում բացի բուն իրավաբանությունից խորանալ ֆոնային բոլոր իրադարձությունների մեջ՝ հասկանալու համար, թե ինչ որոշում է պետք ակնկալել: Կամ փորձել համոզել հակառակ կողմին, որ որոշումը իր շահերից է բխում: Օրինակ, քննիչի համար գուցե միևնույն է անձի ազատության սահմանափակումը, բայց իր համար ավելի հեշտ է մեղադրյալին իր մոտ կանչել, քան գնալ քրեակատարողական հիմնարկում հարցաքննության: Կամ դատավորի համար մարդու ազատության իրավունքի գաղափարները կարող են զրո ազդեցություն գործել, բայց վերջինս համաձայնվի չկալանավորել անձին, որպեսի կարողանա առավոտյան շուտ նիստ անցկացնել /կալանավորվածներին չեն կարողանում շուտ ներկայացնել դատարան/:
Այսպիսի «ոչ մասնագիտական» հմտությունների արդյունքում սովորում ենք կռահել, թե իրավաբանությունից զատ ինչ կա որոշումների հետևում:
Վերադառնալով բուն թեմային․ կալանքի հարցի քննարկումը դատարանի համար 99 դեպքերում որևէ բարդություն չի ներկայացնում: Եվ իրավունքն է պարզ, և դատական ակտերի շաբլոններն են շատ: Դատավորին նույնիսկ երկար ժամանակ պետք չի վերջնական որոշում կայացնելու համար, շատ ժամանակ այդ որոշումը արդեն կայացված է լինում նիստը դեռ չսկսած:
Երկար ժամանակ դատավորին պետք է լինում երկու դեպքում՝ կամ դատավորը լրացուցիչ ինստրուկցիաների կարիք ունի /եղել են դեպքեր, երբ դատավորը մի քանի ժամով անհետացել է/, կամ դատավորը ընդդիմանում է պահանջին /ոնց ուզում եք՝ էս հարցը լուծեք, ես սրա տակ մտնող չեմ/:
Երկու դեպքում էլ պասիվ վարքագիծը աշխատում է ի վնաս պատշպանության կողմի․ առաջին դեպքում ինստրուկցիա տվողը չի հաշվարկում իր հնարավոր ռիսկերը, երկրորդ դեպքում ընդդիմացող դատավորը չի ստանում անհրաժեշտ աջակցությունը:
Հետևաբար հատկապես կարևոր է դատական ակտի հետաձգման ժամանակահատվածում ակտիվ հակադրվել վատ սցենարին: Դա կարող է արվել փողոցում ակցիաների, հարցազրույցների, կուլիսային խորհուրդների, թեկուզ սոցցանցային արշավների միջոցով: Կարևորը ցույց տալն է, որ վատ որոշմանը ընդդիմացողները շատ են, այդպիսի որոշումը սպառնում է ինչպես շարունակվող անհնազանդություններով, այնպես էլ գործընթացի մեջ ներգրավված անձանց ռեպուտացիոն ռիսկերով ու բարոյական պարսավանքով /ավելորդ չի լինի հիշեցնել, որ ամեն ինչ հավերժ չէ, ապօրինի որոշումների համար դատվելու ռիսկը մեծ է/
Վերջում ավելացնեմ: Շատ են եղել դեպքեր, որ այս կամ այն քննիչը, դատախազը, դատավորը ունեցել են արդարացումներ քաղաքական որոշումների կայացման համար: Եթե դիմադրելու հարցում օգնության կարիք ունեք, շատերս պատրաստ ենք օգնել: Եթե պահանջին ոչ մի ձև չեք կարող ընդդիմանալ, գործից դուրս եկեք, տաքսի քշեք, մաքուր խղճով ապրեք:
Սա սովորական դեպք չի, պղծությանը որևէ ըմբռնում չկա ու չի կարող լինել, հավաքեք ձեզ, մտածեք ձեր ապագայի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը