04 06 2022

Բերետավորներն ահռելի ուժ են կիրառոել Ասատուրովի նկատմամբ՝ մատ թափ տալու համար. Գոհար Մելոյան․ News.am

Բերետավորներն ահռելի ուժ են կիրառոել Ասատուրովի նկատմամբ՝ մատ թափ տալու համար. Գոհար Մելոյան․ News.am

News.am-ը գրում է․ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում նախօրեին կարմիր եւ սեւ բերետավորներն ահռելի ուժ են կիրառել Արցախյան պատերազմում զոհվածի որդու՝ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ընդամենը մատ թափ տալու համար։ Այս մասին NEWS.am-ին պատմեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, որն այդ դեպքին ականատես է եղել։

«Բազմաքանակ կարմիրբերետավորներ ահռելի ուժ էին կիրառում երիտասարդի նկատմամբ, որը միայնակ էր։ Դա բերման ենթարկելու պրոցես չէր, այլ մարդուն հարվածներ հասցնելու։ Ուժգին հարվածների էին հասցնում գլխին։ Երբ փորձում էի այդ պրոցեսը տեսագրել, ձեռքիցս փորձեցին հեռախոս վերցնել, մի քանի քաղաքացիների հրեցին հետ։ Երբ ներկայացա, որ իրավապաշտպան եմ, ծառայակիցներից մեկը մոտեցավ ինձ եւ ասաց՝ պատկերացնո՞ւմ եք, ինքը մեզ վրա մատ է թափ տվել։ Այսինքն՝ մատ թափ տալու համար քաղաքացուն կյանքի համար վտանգավոր այդպիսի գործողություններ էր իրականացնում։ Անգամ եթե քաղաքացին ծանր հանցագործության մեջ մեղադրվեր, իրենք որեւէ իրավունք չունեին, այդ երիտասարդին խոշտանգելու»,- պատմեց նա։

Ըստ Մելոյանի՝ իրավապահ մարմինների գործողությունները մի շարք դեպքերով ոչ թե հարկադրանքի միջոց են կամ բռնի ուժ, այլ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք. «Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մարդկանց ֆիզիկական ցավ եւ հոգեկան հուզմունք են պատճառում՝ հստակ միտումով։ Ոստիկանության ծառայության տեղի ունեցած բարեփոխումներով հարկադրանքի ուժը պետք է ծայրահեղ միջոց դիտարկել։ Այսինքն՝ իրավապահ մարմինները բոլոր հնարավոր միջոցները սպառելուց նոր պետք է դիմեն ուժի կիրառմանը։ Ընդ որում ուժի կիրառման համար հստակ նախապայմաններ կան։ Ենթադրյալ հանցավոր արարք կատարողին վկայակոչել, որ նա հանցանք է կատարել, նշելով իրավախախտման բնույթն ու տեսակը, բավարար ժամանակ տրամադրել այդ իրավախախտումը դադարեցնելու համար, եւ միայն այդ նախապայմանները չկատարելու պարագայում, նոր հարկադրանք կիրառել։ Հարկադրանքի ուժն իրենից պետք է ենթադրի ենթադրյալ հանցագործության իրավախախտման կանխարգելում, ոչ թե մարդու ֆիզիկական ցավ պատճառելով»։

Անդրադառնալով երեկվա միջադեպի հետեւանքով նաեւ ոստիկանների վնասվածքներ ստանալուն՝ Գոհար Մելոյանն ասաց. «Ոստիկանության աշխատակիցների մոտ առկա վնասվածքները առաջին հերթին հենց Ոստիկանության ծառայակիցների եւ իրենց ղեկավար կազմի պատասխանատվության հետեւանքն են եղել։ Ոստիկանության աշխատակիցները կարող են ունենալ անհատական պաշտպանության միջոցներ, դա վերաբերում է սաղավարտներին ու զրահաբաճկոններին. հատկապես, որ իրենք իրենց հետ բերել են լուսաձայնային նռնակներ։ Եթե ունենային անհատական պաշտպանության միջոցներ, բնականաբար, վնասվածքներ չէին ունենա։ Մի շարք քաղաքացիներ էլ են բեկորային վնասվածքներ ստացել»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ կարմիրբերետավորների նկատմամբ, որոնք նախկինում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելիս աչքի էին ընկել, պետք է ոչ միան քրեական գործեր հարուցվեին, այլ նաեւ լիազորությունները դադարեցվեին. «Ոստիկանության ծառայակիցը պարտավոր է չկատարել ղեկավար կազմի ապօրինի հրամանները։ Եթե նրանք ձեռնպահ մնան ապօրինի հրաման կատարումից, ապա նրանց ոչ մի կերպ չեն կարող որեւէ պատասխանատվության ենթարկել»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 4 ժամը լրացել էր ժամը 20։00–ին, որից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ