14 04 2022

Դատավոր Դանիել Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ 168․am

Դատավոր Դանիել Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ 168․am

168․am-ը գրում է․

«Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի: Այս մասին որոշումը քիչ առաջ հրապարակեց գործով նախագահող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Սերգեյ Չիչոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան) քննվել է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործը, որի շրջանակում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին որոշումները, ինչպես նաև նույն ընտրություններում ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին:

ՀՀ վարչական դատարանը 21.12.2021թ. կայացրած և հրապարակված վճռով «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերոնշյալ պահանջով հայցը մերժել է, որպիսի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.01.2022թ. որոշմամբ մերժվել է:

Նույն օրը՝ 07.01.2022թ., ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից։

Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ որ դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

Կարևոր է նշել, որ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դանիել Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով:

Այսպիսով մերժվեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ