Այս տարի Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ նշելով, որ մահացած կնոջ մոտ ախտորոշվել են նաեւ տարբեր խրոնիկ հիվանդություններ:
«Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին անդրադառնալով՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:
Արչտավազդ վանյանը նշեց, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում գրիպից ստացիոնար բուժում է ստանում 693 մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ հունվարի 11-ին այդ թիվը կազմել է 658: Պոլիկլինիկաներ են դիմել 1251 մարդ:
Վանյանը կոչ արեց խուճապ չտարածել։ «Գրիպի սեզոնին ամեն տարի նման պատկեր է լինում»,-ասաց Վանյանը:
РИА Новости-ն հայտնում է, որ հարևան Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվը վերջին ամսվա ընթացքում հասել է 15-ի: Համաճարակի պատճառով Աբխազիան և Հարավային Օսիան փակել են Վրաստանի հետ սահմանը:
Մեկնաբանելով Վրաստանում խոզի գրիպից մահացության դեպքերը՝ Վանյանն ընդգծեց, որ հայ-վրացական սահմանը փակելու կարիք չկա, քանի որ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում տարածված է գրիպի նույն տեսակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը