«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման եւ անձրեւացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության:
«Խնայենք ջուրը,
ավելացնենք բերքատվությունը,
երաշխավորված ոռոգում ապահովենք,
նվազեցնենք ծախսերը` կաթիլային եւ անձրեւացման ոռոգման համակարգերի շնորհիվ:
Պետությունն առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի մասնակի փոխհատուցման հնարավորությունից։
Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը Ձեզ կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։
Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0%-ով։
Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը»,-ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը