16 03 2023

Խմելու ջուրը չի թանկանա, մանավանդ որ արդեն թանկացել է

Խմելու ջուրը չի թանկանա, մանավանդ որ արդեն թանկացել է

 

Հայաստանի կառավարությունը այսօրվա՝ մարտի 16-ի նիստում որոշել է սուբսիդավորել ջրի՝ 2023 թվականի թանկացումը։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Կառավարությունը 2023 թվականի պետական բյուջեից կվճարի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 7.949 դրամի չափով, որից 6.756–ը` ջրամատակարարման, 1.193–ը` ջրահեռացման ծառայության համար։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն ընդունել էր որոշում, ըստ որի, հունվարի 1-ից ջրի սակագինը 200,47 դրամից դառնալու էր 208,42 դրամ։

Նշենք, սակայն, որ 2019 թվականին խմելու ջուրը թանկացել էր, սակայն կառավարությունը և «Վեոլիա Ջուր»-ը եկան համաձայնության, որ պետք է 2024 թվականից կիրառվի թանկացումը։ Նիկոլ Փաշինյանը այդ փաստը օգտագործեց քարոզարշավի ժամանակ՝ հանրությանը ներկայացնելով, թե մինչև 2024 թվականը խմելու ջուրը չի թանկանա։ Սակայն դրանից հետո երկու անգամ թանկացավ՝ 2022 և 2023 թվականներին։

2022 թվականին թանկացավ՝ կազմելով 200,47 դրամ։

Վերջին թանկացումը, այսինքն՝ այս իշխանության օրոք երրորդ թանկացումը տեղի էր ունեցել 2023 թվականի հոնվարի 1-ից, սակայն այժմ կառավարությունը որոշեց սուբսիդավորել։ Նշենք, սակայն, որ կառավարությունը ֆինանսավորում է պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուների միջոցներից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ