29 11 2018

492,96 մլն դրամ․ վերջին տարիների ամենամեծ փոխհատուցումը՝ գյուղացիներին

492,96 մլն դրամ․ վերջին տարիների ամենամեծ փոխհատուցումը՝ գյուղացիներին

2019 թվականից ներդրվող գյուղատնտեսական ապահովագրության համակարգի միջոցով 100 տոկոսով կփոխհատուցվի գյուղացու կրած վնասները։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։  

«Այն ծախսերը, որոնք գյուղացիական տնտեսությունները կկատարեն, ամբողջությամբ ապահովագրական ընկերությունները կծածկեն դրա ռիսկերը բնական աղետներից՝ սկզբնական շրջանում կարկուտ, ցրտահարությունից։ Մենք այսօր ներկայացրեցինք նախագիծ, որով փոխհատուցում ենք գյուղացու վնասները, սակայն ապահովագրական համակարգի ներդրումը մեզ հնարավորություն կտա, որ պետությունը դուրս գա այս խնդրից, իսկ ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով հատուցում կատարել։  Ապահովագրական համակարգի միջոցով 100 տոկոսով կվճարվի գյուղացու կատարած ծախսերը»,–նշեց նա։

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ կա հնարավորություն եկամուտների ապահովագրման համար համակարկտային ցանցերի եւ այլ տեխնոլոգիաների միջոցով. «Ներկայումս ուսումնասիրություններ ենք կատարում, վարչապետի հանձնարարությամբ խումբ է ստեղծվել, կհասկանանք դրանց արդյունավետությունը»։

Գեղամ Գեւորգյանը հայտնեց՝ հանդիպել են գյուղացիների հետ, նրանք համաձայն են ապահովագրական համակարգից օգտվել, սակայն հետաքրքրվում են գումարի հարցով, որն էլ պետությունը սուբսիդավորելու 60-65 տոկոսով է եւ բեռը չի թողելու գյուղացիների վրա. «Վերջնական վճարի չափը կարծում եմ մեկ ամսվա ընթացքում կհայտնենք, երբ վերջնական հաշվարկները կլինեն, բայց կլինի 30-35 հազար դրամի չափով 1 հա դիմաց։ 2019 թվականի սկզբին՝ հունվար–փետրվար ամիսներին համակարգը կներդրվի»։ Ծրագիրը լինելու է շարունակակական, մեկ տարով չի սահմանափակվելու։

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաեւ, որ փոխհատուցման չափի միջեւ ըստ մշակաբույսերի տարբերակում է դրվելու պայմանավորված կատարած ծախսերի. «Պտղի ու հատապտղի համար կատարվում է ավելի շատ ծախս, քան բանջարաբոստանայաին մշակաբույսերի համար, իսկ ամենացածրը հացահատիկների համար տրվող փոխհատուցումն է»:

Ամենայն հավանականությամբ, Գեւորգյանի խոսքով, Արարատ եւ Արմավիրի մարզերը ներառված կլինեն այս պիլոտային ծրագրում, քննարկվում է նաեւ Շիրակի հնարավորությունը։  Ըստ էության, ծրագիրը կգործի ծիրանի ու խաղողի համար, Շիրակում դաշտավարության մեկ մշակաբույսի հարց է քննարկվում, կենդանիների մասով դեռ նման ծրագիր չկա։   

Լրագրողների հետ զրույցում նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է կարտոֆիլի և այլ պարենային մեծ սպառման մթերքների շուկան, որպեսզի զերծ մնա խոսակցությունից, թե դրանք թանկանում են կամ էժանանում։

Ինչ վերաբերում է մսին, ապա նախարարի պաշտոնակատարն ասաց, որ շուկայում կա ավելի էժան միս, բայց դա չի նշանակում, որ հայկական միսը թանկ է: 

Հարցին՝ կա՞ պայմանավորվածություն, որ ընտրություններից հետո կմնաք պաշտոնին, նա պատասխանեց. «Ընտրությունները կլինեն, կձևավորվի նոր կառավարություն, կազմը կհայտարարվի: Պետք չի շտապել: Ցանկություն կա, կառավարությունը, երբ ձևավորվի, առաջարկ լինի, կքննարկենք»:

Իսկ այն հարցին, թե աշխատանքից դուրս զբաղվո՞ւմ եք քարոզչությամբ, նա պատասխանեց, որ անձնական կյանքով է ապրում:

«Որևէ լուրջ փոփոխություն այս շուկայում թվերի պահով չկա: Ձվի վերաբերյալ հայտարարեցին, մենք ուսումնասիրեցինք, տեսանք, որ չկա թանկացում»,- ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ ուսումնասիրելու են ձվի, պանրի, լոլիկի և այլ շուկաները: 

Կառավարության նիստում որոշում կայացվեց 2018 թվականին տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին հատկացնել 492 միլիոն 961 հազար դրամ դրամ։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախատեսված միջոցները կտրամադրվի 2018-ի տարերային աղետների հետեւանքով 50-100 տոկոս տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին:

Նա, մասնավորապես, նշեց. «2018 թվականին հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնաս է պատճառվել շուրջ 14650 հա հողատարածքի,  որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 մլրդ 386 մլն դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 % տուժած հողօգտագործողներին:

2018 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 492961.5հազ. դրամ, ընդամենը պատճառված վնասի շուրջ 3.7%-ը:Սա վերջին տարիներին ամենամեծ փոխհատուցումն է։ Օրինակ 2016 թվականին վնասը 33,5 մլրդ դրամ է  կազմել, իսկ հատուցումը՝ 506 մլն դրամ, այսինքն 1,5 տոկոս: 2017ժ-ին հատուցումը 0,4 տոկոս է կազմել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հաջորդ տարիների համար ավելի մեծ տեղ կտրվի կանխարգելմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ