17 02 2024

Նավալնին, Փաշինյանը և հավաքական Արևմուտքի սուգը. Սևակ Հակոբյանի գրառումը

Նավալնին, Փաշինյանը և հավաքական Արևմուտքի սուգը. Սևակ Հակոբյանի գրառումը

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ՝ փետրվարի 16-ին, Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ գաղութում, գիտակցությունը կորցրելով, մահացել է ռուս համար մեկ ընդդիմադիր գործիչ համարվող Ալեքսեյ Նավալնին։ Ըստ աղբյուրների՝ պատճառը եղել է թրոմբի պոկվելը։ Ալեքսեյ Նավալնին մեղադրվում էր մի քանի հոդվածներով և դատապարտվել էր պայմանական ազատազրկման, սակայն պայմանները խախտելու համար 2021 թվականի փետրվարից կրում էր պատիժը բանտում։

Նավալնու մահից հետո տեղեկատվական և քարոզչական գրոհ կսվեց, հիմնականում Ռուսաստանի իշխանության դեմ։ Արևմտյան բազմաթւվ երկրների, միջազգային կառույցների ղեկավարներ, անմիջապես, մի տեսակ շատ ավելի մեծ ջանասիրությամբ, քան սովորաբար լինում է, ուղիղ մեղադրեցին Ռուսաստանին և անձամբ Պուտինին Նավալնու մահվան մեջ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և այլն։ Նրանք նշում էին, թե Նավալնին պայքարում էր ռուսական ռեժիմի դեմ, կոռուպցիայի դեմ, պայքարի առաջամարտիկ էր, պայքարում էր մարդու ազատության, ժողովրդավարության համար, անսահման քաջ էր և այլն և այլն և շեշտում, որ իրենք ցնցվել են։ Բողոքի ակցիաներ եղան մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում և Երևանում։

Մարդու մահը, իհարկե, ցավալի է. ցավալի է, երբ մահանում է ընդդիմադիր գործիչ, առավել ևս՝ երբ մահանում է բանտում։ Ցավոք, նման դեպքեր գրանցվել են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Սակայն Ալեքսեյ Նավալնու պարագայում հավաքական Արևմուտք կոչվածը չափազանց աղմկոտ սուգ հայտարարեց, ինչը, վստահաբար, կապ չունի միայն վերջին տարիների ռուս-ուկրաինական պատերազմի հետ։

Շատերին և շուտվանից է պարզ, թե ով էր Նավալնին Արևմուտքի համար․ նա ընդդիմադիր գործիչ էր, որի վրա Արևմուտքը խաղադրույք էր արել՝ Ռուսաստանում իշխանափոխություն անելու մեծ ցանկության իրականացման նպատակով։ Նավալնին իրենից չէր ներկայացնում խոշոր ուժ. հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր, էլ ավելի էր փոքրացել նրա նշանակությունը։ Ռուսաստանում այդ երկրի առաջնորդն ունի անվերապահ աջակցություն․ սակայն Արևմուտքի հույսը, ըստ երևույթին, այն էր, որ տարբեր ոլորտներում՝ ռազմաճակատում, պատժամիջոցներով տնտեսությունում, սոցիալական և այլ, Ռուսաստանին ճնշելու արդյունքում ճաքեր տալու դեպքում, առիթից հնարավոր կլիներ օգտվել և իրենց հովանավորած և քաջալերած Նավալնիին բերել իշխանության։

Ռուսաստանում նրանք, ովքեր Ալեքսեյ Նավալնիին ընկալում էին որպես ալընտրանք օրվա իշխանություններին, պետք է որ աչքի առաջ ունենային Հայաստանի օրինակը, որտեղ արևմտյան աջակցությամբ /իսկ դա այլևս ակնհայտ է/ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, նույն Արևմուտքի գովերգած ժողովրդավարության առաջամարտիկը լինելով, ընդամենը 5 տարում Հայաստանը կորցրեց, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ թշնամուն հանձնեց ազատագրած, տասնամյակներով զարգացրած ու փայփայած երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, վարի տվեց տարածաշրջանի ամենից մարտունակ բանակը, կորցրեց սահմանային մի շարք տարածքներ, պետական ինստիտուտները փոփոխելու, իսկ իրականում քայքայելու պարտադրանքի տակ է, կորցրել է իր իսկ անվտանգությունը վերահսկելու հնարավորությունը, իսկ ինքնիշխանությունը ամենից ցածր մակարդակի վրա: Ի վերջո, անգամ նույն Փաշինյանի խոստովանությամբ, պետականությունը կորցնելու շեմին ենք։ 

Ահա և հավաքական Արևմուտքի գովերգած այն ամենը, ինչին հասել ենք իրենց սրտի «ժողովրդավար» իշխանության շնորհիվ։ Մեր դեպքը հաստատված փաստ է, ընդամենը կանխատեսում կամ վերլուծություն չէ, որ համարենք չափազանցություն։

Մեկ նախադասությամբ կարելի է ձևակերպել հետևյալը․ նա, ով Ռուստատանում պատիժ էր կրում, նույն տեսակը Հայաստանում պատիժը կիսատ թողնելուց հետո, նույն արևմտյան մեթոդներն ու տեխնոլոգիները կիրառելով, իշխանություն վերցրեց, և Հայաստանն արդեն կռիվ է տալիս պետականությունն ինչ-որ կարգավիճակով պահպանելու համար։ Փաստ է։

Ռուսական իշխանությո՞ւնն ն է սպանել Նավալնիին, թե՞ արևմուտքը․ երկու թեզերն էլ, իրենց հիմնավորումներով, դեռ երկար կշահարկվեն։ Հնարավոր է, որ իրոք առողջական խնդիրն էր պատճառը։

Բայց մի բանն էլ ակնհայտ է, որ մեր՝ դեռևս բարեկամ ռուս ազգի ներկայացուցիչները, որոնք մեծ ցավ են ապրում, սգում, գուցե հուսահատվում, չեն էլ պատկերացնում, թե ինչ էր էր իրենց սպասվելու, եթե իրենց երկրում տեղի ունենար այն, ինչ մեզ մոտ արեցին:

Կարծում եմ, այդ ամենը կլիներ շատ ավելի մեծ մարդկային կորուստներով, քան մեզ մոտ է ու դեռ շարունակվում է՝ տարածքային ու ինքնիշխանության կորուստներով, ստորացուցիչ, շատ ավելի ցավոտ, քան մեզ մոտ է: Վստահաբար, հավաքական Արևմուտքի հետաքրքրությունները այնուամենայնիվ և գուցե բարեբախտաբար մեզ մոտ այդքան չեն, քան Ռուսաստանի դեպքում։ Մեզ սարքել են ընդամենը մանրադրամ, Ալիևին ու Էրդողանի հետ հաշիվները պարզելուց որպես բոնուս կտան, կամ կպահեն որքան կարողանան ու որքան ԻՐԵՆՑ երկրի շահերը կթելադրեն, իսկ ռուսներին... նրանց ուղղակի կքրքրեն, թե՛ տարածքներով, թե՛ մարդկային և այլ ռեսուրսներով և այլն և այլն:

Մի բան է, որը, ցավոք, մարդիկ դժվար են ընկալում սենց դեպքերում․ մարդիկ չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, որ այլ երկիրը, երբ քո երկրում, ինչոր բան է ուզում, շատ է ուզում անել, չի ուզում անել որպեսզի ձեզ լավ լինի. ոչ մի դեպքում. նա այդ ամենն անում է, որ իրեն լավ լինի, իր շահին ծառայի, ոչ թե այլոց:

Նրանք իրենց երկրների ամենից բարձր երկնաքերից թքած ունեն, թե ռուսական «գլուբինկայի» կամ թեկուզ կենտրոնական հատվածի քաղաքացու իրավունքները պահպանվում են, թե ոչ, քո երկրում կոռուպցիա կա, թե ոչ, թքած ունեն։ 

Մեզ մոտ հիմա թե՛ իրավունքներն են խախտվում, շատ ավելի շատ, քան նախկինում, թե՛ կոռուպցիան է ծաղկում, առաջվանից շատ ավելի լկտի կերպով. որը իրենց ձեռք չի տալիս, չեն նկատում։ 

Այսքանն էի ուզում ասել, գուցե արժե մեր տեղի պսևդոլիբերալներն էլ կարդան, ի մի բերեն իրենց մեջ, ինչը ինչից հետո և ոնց է եղել, նոր սգան ինչ-որ մարիոնետ գործչի մահվան համար, էլ չեմ ասում՝ անվանեն հերոս։ 

Մի տեսակ տրամաբանական չէ՝ էստեղի Փաշինյանին ատեք աղետ բերելու համար, բայց սգաք, որ Նավալնին մահացավ՝ ռուս ազգի վերջին հույսն էր։ 

Մեր դարդը լացենք, բարեկամներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ