12 03 2022

Բա հիմա լեզուներդ ինչո՞ւ եք կուլ տվել. «Փաստ»

Բա հիմա լեզուներդ ինչո՞ւ եք կուլ տվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Արցախի սահմաններին լարվածության սրացման նոր փուլ է սկսվել։ Ադրբեջանը նորից ինտենսիվ կերպով սադրանքների է դիմում։ Սկզբում հակառակորդի զինծառայողներն Արցախի՝ պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին բարձրախոսով հորդորում էին հեռանալ և գյուղատնտեսական, ինժեներական աշխատանքներ չկատարել, ապա հակառակորդի նոր սադրանքների հետևանքով Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկվեց բնական գազից։ Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացին առանց ջեռուցման, իսկ արտադրամասերի ու սննդի օբյեկտների գործունեությունը խաթարվեց։ Եվ անգամ Արցախի բնակչության համար ստեղծված այսպիսի անմարդկային պայմաններում ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չէին տալիս մտնել վթարված գազատարի տարածք։

Դրան էլ գումարվեցին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի ակտիվ խախտումները, որոնց արդյունքում զոհ և վիրավոր ունեցանք։ Հասկանալի է, որ Արցախի հայաթափմանը հասնելու իր նպատակն իրականություն դարձնելու համար Ադրբեջանը միջոցների միջև խտրականություն չի դնում և արդեն անցել է թույլատրելիության բոլոր սահմանները, որի դեպքում համարժեք արձագանք տալը դարձել է ուղղակի անհրաժեշտություն։ Առաջին հերթին այդ արձագանքը պետք է հնչեր դիվանագիտական հարթակից, որպեսզի միջազգային հանրությունը արձագանքեր արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի մտադրությանը և ճնշում բանեցներ Ալիևի ռեժիմի վրա։ Օրինակ՝ վերջին օրերին Փաշինյանը մեկնել էր Փարիզ, և Մակրոնի հետ հանդիպումը ամենապատեհ առիթն էր կոնկրետ դրվագներով Ադրբեջանի սադրիչ գործողություններից խոսելու և դրանք ներկայացնելու համար։

Բայց եթե Փարիզում համարձակություն չուներ այդ մասին խոսել, և ընդամենն ինչ-որ լղոզված անդրադարձ եղավ «սրացումների անթույլատրելիության» մասին, ապա գոնե Հայաստան վերադառնալուց հետո կարող էր խոսել։ Եվ իսկապես, կառավարության նիստում նա խոսեց Արցախում իրադրության լարվածության մասին։ Սակայն դա սոսկ արձանագրում էր, ու ոչ ավելին: Փաշինյանը հայտարարեց, թե զերծ կմնա այս պահին Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց` փորձելով կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ինչպես տեսնում ենք, այս անգամ ևս Փաշինյանը «խնայեց» Ադրբեջանին։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե Փաշինյանն ընդհանրապես Արցախի շուրջ լարվածությանը չանդրադառնար, քան ոչինչ չասող ու ձևական հայտարարություն աներ։

Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ է պատահել Փաշինյանի հետ, որն ամեն անգամ ԱԺ ամբիոնից «առյուծ է կտրում», մատ է թափ տալիս և գոռգոռում։ Ստացվում է, որ երբ Փաշինյանը պետք է ընդդիմությանը պատասխանի, սկսում է հոխորտալ ու սպառնալ, իսկ երբ գալիս է հակառակորդին արձագանքելու ու իրավիճակին գնահատական տալու պահը, լեզուն կուլ է տալիս։ Հաջորդ հարցը. իսկ ո՞ւր է այս իշխանությունների դիվանագիտությունը։ Մի՞թե Փաշինյանի թեթև ձեռքով դեսպան դարձած քպականները միայն պաշտոնները վայելելու համար են նշանակվել։ Ինչո՞ւ դեսպանները հանդիպումներ չեն նախաձեռնում ընդունող երկրների պաշտոնական շրջանակների հետ՝ ներկայացնելու Արցախում ստեղծված իրավիճակը։ Չնայած միամտություն է կարծելը, թե մեր դիվանագիտական կորպուսն ինչ-որ քայլեր կարող է ձեռնարկել, քանի որ վաղուց ԱԳՆ-ն խաղից դուրս վիճակում է և պարզապես դակում է մեկ անձի որոշումները: Ավելին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, սակայն այդպես էլ Արցախի կարգավիճակի ամրագրման հետ կապված ոչ մի խոսք չի ասում։

Փոխարենը, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի համատեքստում ոչ միայն Արցախյան հակամարտությունը համարում են ավարտված, այլև ամեն անգամ առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։ Եվ դրան ի պատասխան՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ արձանագրում է, թե թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։ Մի խոսքով, «նույն ջուրը, նույն ջրաղացը»: Այնինչ, հենց այժմ պետք է քայլեր ձեռնարկել հակառակորդին կանգնեցնելու համար, քանի դեռ իրավիճակը ավելի չի խորացել։

Պարզ է, որ Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունից ու մեծացնել լարվածությունն Արցախում, ինչու չէ՝ նաև առիթ ստեղծել ռազմական էսկալացիայի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել նաև ռուս խաղաղապահներին՝ մասնավորապես ընդգծելով, թե խաղաղապահների հրամանատարությունն անաչառ չէ։ Այս առումով ռուսական կողմի հետ մեծ աշխատանքի տեղ կա, սակայն Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության գտնվելու հանգամանքը կարծես թե «նվեր» է հակառակորդի համար։ Ադրբեջանը կարող է ամեն անգամ սադրանքների դիմել ու, ոչինչ չտալով, նորանոր զիջումներ կորզել Հայաստանից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ