04 03 2022

Սյունիքի նախկին մարզպետն անգործ չի մնա. «Հրապարակ»

Սյունիքի նախկին մարզպետն անգործ չի մնա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես Սյունիքի մարզպետի փոփոխություն եղավ, որը ծրագրված էր դեռ շաբաթներ առաջ: Մելիքսեթ Պողոսյանն իր տեղը զիջեց Կալավանի նախկին գյուղապետ, 2018-ից հետո վարչապետի խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանին, որն արդեն մոտ երկու տարի է՝ Սյունիքում է ապրում։

Նա տեւական ժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն է՝ կառավարությունից Սյունիքին տրամադրվող գումարներով հասցրել է մարզում շահել հազարավոր սյունեցիների սիրտը, ուստի, ասում են, նրա նշանակումը մարզում դրական են ընդունել։ Մեղրիի համայնքապետն էլ նշանակման թանաքը դեռ չչորացած՝ շնորհավորել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով: Ասում են՝ Ղուկասյանը տրամադրված չէ կադրային ջարդ անելու, սակայն փոփոխություններ կլինեն։

Իսկ Մելիքսեթ Պողոսյանն անակնկալի է եկել իր պաշտոնանկության մասին որոշումից, չնայած տեւական ժամանակ է` մամուլը գրում էր այդ մասին, սակայն նա երկու օր առաջ էլ մարզպետարանի աշխատակազմին վստահեցրել է, թե դրանք սուտ լուրեր են, ինքը շարունակելու է աշխատել: Երեկ լուր տարածվեց նաեւ՝ որպեսզի նրան չնեղացնեն, մտադիր են նշանակել ՊՆ խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ