«Փաստ» օրաթերթը գրում է․ Դեկտեմբերի 5-ին 38 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Սա ընտրությունների հերթական փուլն էր, քանի որ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին արդեն իսկ մի շարք համայնքներում տեղի էին ունեցել տեղական ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, այս ՏԻՄ ընտրական գործընթացը տարբերվում էր նախկինում տեղի ունեցածներից, քանի որ այն ընթանում էր համամասնական ընտրակարգի ներդրման պայմաններում, որոնք անցկացվում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում։
Համամասնական ընտրակարգի արդյունավետության հարցը միշտ էլ քննարկման առարկա է եղել, բայց կոնկրետ այս դեպքում իշխանություններին պետք էր, որպեսզի կուսակցականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները, կամ, այլ կերպ ասած, ավագանու նիստերը դարձնեն «կուսակցական ժողովներ»։ Պատահական չէ, որ ներկայիս իշխող ուժը հատկապես ծանր էր տանում այն հանգամանքը, որ մի շարք համայնքապետներ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ չէին պաշտպանում իշխանություններին և շատ դեպքերում անգամ բացահայտ աջակցում էին ընդդիմությանը։ Դա էր պատճառը, որ դեռևս ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացիական վրեժ, քաղաքական վենդետա ու կադրային ջարդ է լինելու։
Փաշինյանը խորհուրդ էր տալիս մի շարք համայնքապետների՝ ուղղակի դիմումներ գրել ու հեռանալ։ Իսկ խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո բիրտ ճնշումներ սկսվեցին Սյունիքի մի շարք համայնքապետների նկատմամբ, նրանց ազատությունից զրկելու և պաշտոնից հեռացնելու նպատակով մի շարք քրեական գործեր հարուցվեցին։ ՏԻՄ-երում հաջողություն արձանագրելու նպատակով էլ ներդրվեց արագ տեմպերով խոշորացման գնալու գաղափարը, որը պետք է հնարավորություն տար իշխանություններին համայնքների հետ առանձինառանձին փոխհարաբերվելու փոխարեն միանգամից գործ ունենալ համայնքների փնջի հետ։ Չէ՞ որ պարզ հաշվարկ է՝ խոշորացման դեպքում համամասնական ընտրակարգի կիրառման տեսանկյունից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն, իսկ ընտրություններից հետո ավելի հեշտ կլինի խոշորացված համայնքային մարմնի միջոցով պատժել, օրինակ՝ այն գյուղերին և դրանցում ծրագրեր չանցկացնել, որոնք ընդդիմադիր կեցվածք կարող են ցուցաբերել։ Մյուս կողմից էլ՝ ՏԻՄ ընտրություններում իշխանությունները կարող են վերլուծել, թե իշխող ուժն ինչպիսի վարկանիշ ունի ու ինչպես են փոփոխվում հանրային տրմադրությունները հատկապես այն ֆոնին, երբ երկիրը պարտությունից հետո անվտանգային տեսանկյունից բավական ծանր վիճակում է գտնվում, և անգամ հարցականի տակ է դրված մեր պետության ինքնիշխանության հարցը։ Այս առումով կարևոր ցուցիչ է, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններում մասնակցության ցուցանիշը սպասվածից բավական ցածր է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 42,48 %-ը։ Ավելին, մի շարք համայնքներում մասնակցության մակարդակն ընդհանրապես շատ ավելի ցածր է եղել։ Օրինակ՝ Արմավիրում այն կազմել է ընդամենը 20,73 %։ Ի դեպ, ուշագրավ է, որ ինչքան մրցակցությունը փոքր է եղել, այնքան փոքր է եղել նաև մասնակցությունը: Երկու համայնքում՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընդհանրապես ոչ մի ընտրող չի մասնակցել ընտրություններին՝ ուղղակի բոյկոտելով իշխանությունների կողմից նախաձեռնված խոշորացման գործընթացը։ Մասնակցության ցածր մակարդակը ցույց է տալիս նաև, որ, մեծ հաշվով, ներկայիս իրավիճակում բնակչությանը չի հետաքրքրում իշխանությունների կողմից խոշորացման նախաձեռնությունը, իսկ մյուս կողմից՝ առկա են դժգոհություններ, համընդհանուր ապատիա ու հիասթափություն։ Այս ընտրությունների ամենակարևոր «մեսիջներից» մեկը հենց այն հանգամանքն է, որ մի շարք առանցքային համայնքներում, օրինակ՝ Աբովյանում, Վանաձորում, Մասիսում, Ապարանում և այլն, իշխող ՔՊ-ն ձայների մեծ տարբերությամբ պարտվել է։
Ընդ որում, ընդամենը մի քանի համայնքում է ՔՊ-ն մեծամասնություն ստացել, իսկ որոշ տեղերում, ուր ձայներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել, չի կարողանա առանց կոալիցիա քաղաքապետ ընտրել. այսինքն, քվեների քանակով առաջին տեղում լինելը դեռևս չի նշանակում, թե «հաղթել» են, ինչպես փորձում էին հետընտրական ողջ գիշերը մատուցել քպականները: Արդեն իսկ կան օրինակներ, երբ ոչ իշխանական ուժերը հայտարարել են միավորվելու և մեծամասնություն ձևավորելու միջոցով համայնքապետ ընտրելու մասին։ Մյուս կողմից՝ մի քանի համայնքերում ՔՊ-ին հաղթանակ կապահովեն որոշ սատելիտ ուժեր, որոնք հենց այդ նպատակով էլ մասնակցել են ընտրություններին: Մի խոսքով, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները մեծ հաշվով հաստատեցին, որ իշխող ՔՊ-ի վարկանիշը խայտառակ ցածր է ու շարունակում է անկում ապրել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը