«Փաստ» օրաթերթը գրում է․ Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին։ Մենք մինչ ընտրությունները շեշտել էինք, որ այս ընտրությունները կարող են դառնալ քաղաքական նոր համատեքստի ձևավորման, նոր գաղափարների ու մոդելների գեներացիայի հիմք, նաև հավելել, որ թեկուզ մեկ համայնքում ընդդիմության հաղթանակը կարող է էապես փոխել իրավիճակը երկրում, մասնավորաբար հասարակության մոտ հավատ ծնել փոփոխությունների, Նիկոլից ու նիկոլիզմից վերջնականապես ազատվելու հնարավորության նկատմամբ: Խոշոր համայնքներից երեքում գործող իշխանությունը ծանր ապտակ ստացավ:
Ծանր, որովհետև Նիկոլ Փաշինյանը երեք տարի շարունակ փորձում է զավթել ամեն ինչ՝ խորհրդարանը, կառավարությունը, դատարանները, նույնիսկ Եռաբլուրը: Հերթը ՏԻՄ-երինն է, ու նա ամեն ինչ անում է բոլոր համայնքներում իր անձի տիրապետությունը հաստատելու համար: Գյումրիում, Մեղրիում, Գորիսում չստացվեց: Սակայն այս երեք համայնքում ամեն ինչ նույնական չէ: Օրինակ՝ Մեղրիում մեծ վերապահումով կարող ենք ասել, թե ընդդիմությունը հաղթել է: Օրենքի առումով այդպես է, քանզի հաղթած ուժը իշխանական ուժի հետ կոալիցիա պաշտոնապես չի կազմել: Իրականում այստեղ, ըստ էության, ՔՊ-ն մրցում էր ՔՊ-ի դեմ, հաղթեց ՔՊ-ներից մեկը, այնպես որ, Փաշինյանն այստեղ առանձնապես «նեղվելու» բան չունի:
Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա հանրապետության երկրորդ քաղաքում Փաշինյանն ու իր թիմակիցները մտածելու շատ բան ունեն, քանի որ գործող մարզպետը պարտվել է գործող քաղաքապետի անունով ստեղծված դաշինքին: Ընդ որում, պարտվել է՝ մաքսիմալ կիրառելով վարչական ռեսուրսը: Ավելին, հենց ընտրությունների օրը հրապարակվեցին տեղեկություններ, որ քաղաքացիներին 50000-ական դրամ են բաժանել, բայց մարզպետը հայտարարեց, թե դա ոչ թե ընտրակաշառք է, այլ սոցիալական օգնություն: Ստացվում է այն, ինչ ընդդիմադիրների դեպքում ընտրակաշառք է, ինչի համար հատկապես Սյունիքի համայնքապետների դեմ քրեական գործեր կարել տվեց Փաշինյանը, իշխող ուժի դեպքում սոցիալական աջակցություն է:
Շատ օբյեկտիվ, ժողովրդավար իշխանություն է, ինչ խոսք... Ինչևէ, Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը, իսկ ՔՊ-ն երկրորդն է: Այստեղ, սակայն, ամեն ինչ դեռ պարզ չէ: Բանն այն է, որ հաղթող ուժը չունի այնքան քվե, որ կարողանա միայնակ քաղաքապետ ընտրել, և ինտրիգը հենց այստեղ է: «Բալասանյան» դաշինքն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ կոալիցիա կազմել (համաձայնության գալ) ընդդիմադիր «Զարթոնք» կուսակցության և ՀՀԿ-ի հետ (գուցե նաև «Ապրելու երկիր» կուսակցության հետ) և հաստատել գյումրեցիների ընտրությունը, կա՛մ կոալիցիա կազմել (համաձայնության գալ) ՔՊԿ-ի հետ ու հաստատել այն տեղեկությունները, որ իրենց դաշինքը իշխանական «պրոյեկտ» է: Այլ ընտրություն չկա, 37 տոկոսով քաղաքապետ չեն ընտրում: Նիկոլ Փաշինյանի իրական ջախջախումը եղավ Գորիսում:
Ինչպես և, ի դեպ, սպասվում էր: Նույնիսկ այն պայմաններում, երբ Առուշ Առուշանյանն անազատության մեջ է պահվում Փաշինյանի կամքով ու հրահանգով, երբ ընդհուպ ընտրությունների օրը իրավապահ ու տեղեկատվական տեռոր էր իրականացվում Առուշանյանի թիմի նկատմամբ, երբ հնարավոր ու անհնար ճանապարհներով վարչական ռեսուրս էր կիրառվում իշխանությունների կողմից, Առուշանյանը կարողացավ գրեթե կրկնակի ավելի քվե ստանալ և միանշանակ կընտրվի Գորիս համայնքի ղեկավար: Սոցցանցերում բավական բուռն արձագանք է ստացել այս հաղթանակը, կամ, ինչպես ՔՊ-ի թեկնածուն է ասում, ՔՊ-ի «պատվով պարտությունը»:
Ոմանք նույնիսկ կարծում են, թե Փաշինյանը Գյումրիով եկավ, Գորիսով կգնա: Իհարկե, արտաքուստ սա կարող է թվալ անլուրջ ձևակերպում, քանզի ի՞նչ կարող է փոխել մեկ համայնքը: Սակայն, ինչպես հիշատակեցինք սկզբում, դեռ մինչ ընտրություններն էինք կարծիք հայտնել, որ ժողովրդավարության բոլոր նորմերի ոտնահարման ճանապարհով գնացող ու պետական բոլոր կառույցները զավթող իշխանության պարտությունը ցանկացած մեկ համայնքում կարող է էական տրամադրություններ փոխել հանրության շրջանում: Առավել ևս, եթե այդ համայնքը Սյունիքում է: Սա՝ հասկանալի պատճառներով, հազիվ թե կարիք կա հավել յալ բացատրել հարցի նրբությունները: Իսկ ընդհանուր առմամբ, խոշոր համայնքներում այս ընտրությունների արդյունքների նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հունիսի 20-ի «հաղթանակն» իրապես չի արտացոլում իրականությունը:
Դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ԶԼՄ-ները բազմաթիվ հրապարակումներ են արել, որ գրեթե բոլոր հարցումներով ՔՊԿ-ի վարկանիշը առավելագույնը 30-35 տոկոս է: Թե ինչ եղավ այդ ընտրությունների ժամանակ, այլ խոսակցության թեմա է: Հիմա չափազանց կարևոր են դառնում հատկապես դեկտեմբերի 5-ի ընտրությունները, քանի որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հանրությունը հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վաղուց պետք է հեռացած լինեին, որ նույնիսկ տոտալ բռնաճնշումները, վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահումները, իշխանության կողմից օրենքը տրորելով իր նպատակներին հասնելու մարմաջը կարող են զրոյական նշանակություն ունենալ:
Մի խոսքով, այն, ինչ չհաջողվեց հանուն երկրի ապագայի անել անցած 10 ամսում, կարող է հնարավոր դառնալ ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Դրա նախադրյալները կան, ու այդ նախադրյալներն առաջին հերթին դրվել են Գյումրիում ու հատկապես Գորիսում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը