19 04 2024

Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին

Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների պարտություններից հետո այդ համայնքներում ընտրված թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, կրկնակի ընտրությունները չեն վրիպել միջազգային կազմակերպությունների աչքից։

Մասնավորապես, Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում անդրադարձել է թեմային՝ նշելով․ «Տեղական իշխանությունների անկախության և լեգիտիմության երաշխիքները հարցականի տակ են հայտնվել տեղական ընտրողների կողմից ընտրված ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։

Մասնավորապես, թեև 2022 թվականին նման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել տեղական ընտրություններում, սակայն Freedom House-ն անդրադառնում է Ալավերդի քաղաքին․ «Անցած տարի մի քանի համայնքներում իրականացված փորձերից հետո դեկտեմբերին իշխող կուսակցությանը հաջողվել է պաշտոնանկ անել Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին: Վերջինս գլխավորում էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների փոքր կոալիցիան, սակայն «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամներից մեկը լքեց կուսակցությունը՝ դրանով իսկ ապահովելով «Քաղաքացիական պայմանագրին» անվստահության քվեի համար անհրաժեշտ մեծամասնությունը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները զգուշացրել են, որ քաղաքապետի իմփիչմենթն ապօրինի է իրականացվել: Լուրեր են տարածվել, որ Ալավերդու ավագանու անդամների նկատմամբ ճնշումներ են գործադրվել Ազգային գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից:

Չնայած քաղաքապետերի իմպիչմենտը իրավական մեխանիզմ է, այն, թե ինչպես է իշխող կուսակցությունը դիմում դրան՝ օգտագործելով ճնշման, շանտաժի և քաղաքական ծառայությունների փոխանակման տարբեր ձևեր, որոնք հակասում են տեղական ինքնակառավարման շահերին, կասկածի տակ է դնում այդ գործընթացների օրինականությունը: Իշխող կուսակցությունը հաճախ մատնանշում է տեղական մակարդակում ընդդիմադիր կուսակցությունների կառավարման հետ կապված իրավական խնդիրները, սակայն դրանք լուծելիս դիմում է քաղաքական գործիքների և մեխանիզմների»:

Իրավապաշտպան կազմակերպությունը խնդիրներ է արձանագրել նաև Երևանի ավագանու ընտրություններում Տիգրան Ավինյանի թեկնածության շուրջ։ Մասնավորապես, նշվում է, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ և քաղաքապետի պաշտոնանկությունից հետո՝ 2022 թվականի սեպտեմբերին, «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակեց նախկին փոխվարչապետ Ավինյանին։ Հետագայում Ավինյանը փաստացի սկսեց ղեկավարել մայրաքաղաքը 2023 թվականի մարտին նոր քաղաքապետի հրաժարականից հետո և մինչև 2023 թվականի սեպտեմբերին իր պաշտոնական ընտրությունը։ «Նրա պաշտոնավարումը որպես փոխքաղաքապետ խնդրահարույց էր տեղական դիտորդների կողմից մատնանշված գործոնների պատճառով, որոնք ներառում էին ընթացակարգային նորմերի խախտումներ և պաշտոնների հավասարեցում; պետական ներդրումային հիմնադրամի և համալսարանի տնօրենների խորհուրդներում նրա տեղերի պահպանումը նույնիսկ պաշտոնը ստանձնելուց հետո, ինչը հանգեցրել է շահերի բախման վերաբերյալ քրեական դատավարության. նրա՝ որպես դե ֆակտո քաղաքապետի իմիջի օգտագործումը՝ ընտրվելու շանսերը մեծացնելու համար. և կենտրոնական կառավարության կողմից Երևանին ֆինանսական հատկացումների աննախադեպ կրկնապատկումը՝ Ավինյանին մրցակցային առավելություն ապահովելու ակնհայտ փորձով»,- ասվում է զեկույցում։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ