21 09 2021

Ազատված ԶՈւ պաշտոնյան նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

Ազատված ԶՈւ պաշտոնյան նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս պաշտոնից ազատվել էր ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, եւ տպավորությունն այնպիսին էր, որ Պաշտպանության նախարարությունում որոշել են ազատվել քրեական գործերի կիզակետում հայտնված գեներալներից, սակայն պատկերը այդպես չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Պողոս Պողոսյանի թեկնածությունը ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբում նոր պաշտոնի համար է քննարկվում, մասնավորապես՝ նրան տեսնում են շտաբի պետի խորհրդականի կարգավիճակում:

Նշենք, որ Պողոս Պողոսյանն այն գեներալն էր եղել, որ չէր ստորագրել գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի հրաժարականը: Նրա չստորագրելը կապեցին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ: Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից հասած լուրերի՝ Պողոս Պողոսյանը ընդգրկված է եղել զենքի մատակարարման հանձնաժողովում եւ, ոչ ավել, ոչ պակաս, լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ՝ չէր կարող տեղյակ չլինել մատակարարված սխալ ապրանքներից, ուստի չի բացառվում, որ նա վախեցել էր դեմ գնալ իշխանություններին՝ հաշվի առնելով Պատրոն Դավոյի գործը, որտեղ ինքն էլ, այսպես, թե այնպես, ընդգրկված է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ