«Փաստ» օրաթերթը գրում է․ Հեծանիվ չհայտնագործենք. անցած երեք տարում համոզվել ենք, որ «քայլող» իշխանությունների գործելաոճում առանձնահատուկ տեղ են գրավում երկակի ստանդարտները։ Նրանք միշտ փորձում են իրողությունները միայն այնպես ներկայացնել, ինչպես իրենց քաղաքական ու հատկապես անձնական շահերին է ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես իրականում դրանք կան։ Օրինակ՝ 2020 թվականի ապրիլի 24-ին, պատճառաբանելով համավարակի տարածումը, իշխանությունները թույլ չտվեցին, որ քաղաքացիները բարձրանան Հայոց ցեղասպանության հուշահամալիր, քանի որ մարդկանց զանգվածային կուտակումները կարող էին համավարակի տարածման պատճառ դառնալ։
Սակայն մինչ այդ, երբ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակը մեծ թափով սկսել էր տարածվել տարբեր երկրներում, Փաշինյանն ինքնամոռաց կերպով սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավ էր կատարում՝ հսկայական թվով մարդկանց հավաքելով իր շուրջը։ Իշխանություններն այն աստիճանի էին անտեսում համավարակի տարածման վտանգը, որ Փաշինյանը հայտարարում էր, թե կորոնավիրուսներին պինցետով հանելու են ու տնական արաղով դեզինֆեկցիա անեն։ Այդպես էլ հիմա, երբ համավարակի տարածումը ահագնացման միտումներ է ցուցաբերում, «դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետևանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր «կարմիր» գոտում, իշխանությունները մի կողմից՝ պատվաստումային տեռոր են իրականացնում, մյուս կողմից՝ պատրաստվում են սեպտեմբերի 21-ին Անկախության 30-րդ ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարություն կազմակերպել և քաղաքացիներին էլ հրավիրում են այդ տոնակատարությանը մասնակցելու։
Մյուս խնդիրը. իրենց կողմից նախաձեռնված «ի հիշատակ» տոնակատարությունն ավելի «գունագեղ» դարձնելու լույսի ներքո էլ իշխանությունները նախաձեռնությամբ հանդես եկան, որպեսզի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվի հաջորդ շաբաթ օր։ Սակայն երեք տարի է, չնայած հնչող քննադատություններին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի ցանկանում Տաղավար տոներին հաջորդող Մեռելոցի օրերը տեղափոխել։ Նույն երկակի չափանիշների կիրառումը վերաբերում է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։ Մինչև հոկտեմբերի 1-ը աշխատավոր քաղաքացիները պետք է պարտադիր պատվաստվեն կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեսթ հանձնեն, այլապես աշխատանքից կազատվեն, սակայն այս հանգամանքը բարձրաստիճան պաշտոնյաներին չի վերաբերում։
Իրավական և օրենսդրական նախաձեռնությունների դեպքում ևս նույն պատկերն է։ Իշխանականները և նրանց համակիրները երեք տարի շարունակ համացանցում՝ ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով և համացանցից դուրս, անպատիժ կերպով հայհոյանքներ էին տարածում և ամենավերջին լուտանքների տեղատարափի թիրախ էին դարձնում իրենց քննադատներին ու ընդդիմադիրներին։ Բայց հիմա, երբ իշխանությունների պատճառով հազարավոր զոհեր ենք ունեցել և կորցրել մեր հայրենիքի մի մասը, ինչի հետևանքով մասսայական «ողջույններ» են ստանում, ՔՊ-ականները հիշել են հայհոյանքը քրեականացնելու անհրաժեշտությունը և դրա վերաբերյալ օրենք անցկացրին ԱԺ-ում։ Այդ օրենքն էլ այնքան անորոշ է, որ ցանկացած դեպքում կարող է տարընթերցումների տեղիք տալ և, ի վերջո, մահակ դառնալ իշխանությունների ձեռքում քաղաքական մրցակիցներին պատժելու համար։
Ստացվում է, որ նույն կարգը, նույն օրենքը, նույն վիճակը իրենց ձեռնտու դեպքում այլ կերպ է գործում, մնացած դեպքերում՝ ամբողջովին այլ։ Սոցիալական արդարության հարցում ևս բախվում ենք իշխանությունների կամայականություններին։ Օրինակ՝ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հասարակ աշխատողների աշխատավարձերն ու թոշակառուների թոշակները ահռելի գնաճի պայմաններում բարձրացան ծիծաղելի, աննշան չափով, իսկ իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարներն աճեցին աստղաբաշխական կերպով։ Կամ՝ երբ գիտնականի ու ուսուցչի աշխատավարձի բարձրացման հարց է առաջ գալիս, ապա կառավարությունը որոշում է, որ նրանք պետք է դրա համար հատուկ ատեստավորում անցնեն, որից հետո նրանց աշխատավարձն աստիճանաբար կբարձրանա։
Իսկ ատեստավորման համար իշխանություններն այնպիսի հատուկ պայմաններ են առաջադրում, որպեսզի բոլորը չկարողանան անցնել այն, և դրանով բյուջեի համար հանկարծ ծանրություն չստեղծվի։ Չէ՞ որ այդ միջոցները իշխանավորները կարող են օգտագործել իրենց անիմաստ գործուղումների ու պարգևավճարների վրա։ Բայց երբ խոսքն արդեն վերաբերում է շատ դեպքերում փողոցից պատահականորեն համակարգի կարևորագույն օղակներում հայտնված ՔՊ-ականների՝ իրենց զբաղեցրած պաշտոնի համար անհրաժեշտ գիտելիքների ու փորձի ստուգման հարցին, ապա իշխանությունները ոչ մի ատեստավորման կարիք չեն տեսնում։ Դեռ ավելին, ՔՊական լինելը արտոնյալ կարգավիճակ է խոստանում։
Դրա համար էլ պետական կառավարման համակարգում ներքին դիմադրողականությունը չի նվազում, երբ համակարգում մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող աշխատակիցների ղեկավար է նշանակվում անփորձ ու կիսագրագետ մի երիտասարդ։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով։ Բայց, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի խոսքն ու գործը, ինչպես բոլոր դեպքերում, ինչպես միշտ, հակասում են միմյանց։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը