168.am-ը գրում է․ Մարդու ինքնությունն ունի մի քանի բաղադրիչներ։ Ինքնությունը, այն իմաստով, որով գործածվում է հանրային-քաղաքական դիսկուրսում, անհատական, խմբային և հավաքական ինքնության միավորումն է։ Ավելի պարզ՝ մարդու ինքնությունն արտահայտվում է նախ՝ որպես անհատի, ապա՝ որպես խմբի (ընտանիք, ազգականներ, և այլն), ու նաև՝ որպես հավաքականության (ազգ, ժողովուրդ) ինքնություն։ Որևէ հասարակության հավաքական ինքնությունը կամ, ինչպես ընդունված է ասել, ազգային ինքնությունն ինքնության այս մակարդակների հարաբերականորեն հավասարակշռված ու էլի հարաբերականորեն ներդաշնակ միավորումն է։
Ինքնության բաղադրիչների՝ մեկը մյուսի հաշվին արտահայտվելու դեպքում տեղի է ունենում ինքնության դեգրադացիա, ինչը ժամանակի մեջ կարող է հանգեցնել ինքնության կորստի։
Ժողովրդին ազգային ինքնությունից զրկելու համար բավարար չէ միայն ինքնության վերին մակարդակի դեմ պայքարելը, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ խեղումը կկատարվի ինքնության տարբեր հարթություններում։
Հետևաբար՝ հասարակությանն ազգային ինքնությունից զրկելու համար պետք է, որպեսզի դրա անդամները գոնե խնդիրներ ունենան անհատական ու խմբային ինքնությունների հետ, կամ, որ նրանց ինքնություններից որևէ մեկն արտահայտվի այնքան անհամաչափ, որ զրոյացնի մյուսներին։
Ավելի պարզ՝ եթե մարդու մոտ խիստ ընդգծվում է միայն անհատական ինքնությունը կամ միայն խմբային ինքնությունը, հավաքական կամ ազգային ինքնությունը մղվում է երկրորդ պլան։ Նաև այս գործոններն են ընկած հայկականության, հայկական ինքնության դեմ իշխանությունների կողմից վարվող քարոզչության հիմքում։
Բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում ֆետիշացնել անհատական կյանքը՝ այն հասցնելով «լավ ապրուստի», «անձնական երջանկության» չափումների։
Զուգահեռաբար՝ խրախուսվում է նաև խմբային ինքնության ամրապնդումը, զանազան փառատոները, համերգներն ու միայն հասարակության որոշակի շերտեր ընդգրկող միջոցառումները նպաստում են դրան։ Իշխանության այս ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ որևէ դեպքում մարդկանց ինքնությունը չբարձրանա անհատական կամ առնվազն խմբային մակարդակից։
Իսկ անհատական, նաև խմբային հարթությունում օբյեկտիվորեն ինքնության հետ կապված հարցերը, դրանց չափումները նյութականացվում են (փող, բնակարան, ավոտմեքենա, ճոխ կյանք)։ Իշխանության քարոզչության վերջնանպատակն այսպիսով այն է, որ հայ ազգի ներկայացուցիչներից միայն ՀՀ քաղաքացիների վերածվածներն «ո՞վ եմ ես» հարցի պատասխանը փնտրելու համար բացեն ոչ թե պատմության գրքերը, նախնիների ավանդությունները, այլ սառնարանը, զգեստապահարանը կամ ավտոտնակը։
Ընդ որում, այդ նույն քարոզչությունը կառուցված է այնպիսի մեխանիզմով, որ հավաքական կամ ազգային ինքնությունն արդեն ներկայացվում է ոչ թե՝ որպես անհատականի ու խմբայինի ամբողջություն, այլ նույն անհատականին ու խմբայինին ուղղված սպառնալիք, որի դեմ պայքարում իշխանությունը ստանում է նաև անհատական ինքնությամբ առաջնորդվողների լուռ աջակցությունը։ Նրանց մեծ մասն անգիտակցաբար, ոմանք էլ՝ հաշվարկված, մասնակցում են իշխանության կողմից իրականացվող «ՀՀ քաղաքացիները՝ ընդդեմ հայերի» օպերացիային։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը