24 06 2021

Դատավորների աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել․ «Ժողովուրդ»

Դատավորների աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, և չենթարկվող դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելու համար նրանց աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել: Ուշագրավն այն է, որ իրավապահ մարմիններում կասկածներ կան, թե այս գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել նաև այն դատավորների ցուցակը, որոնց աշխատասենյակներում տեղադրված են եղել այդ գաղտնալսող սարքերը: Նրանք են՝ Ռոբերտ Պապոյան, Նելլի Բաղդասարյան, Աննա Դանիբեկյան, Սերժիկ Ավետիսյան, Տիգրան Փոլադյան, Գևորգ Նարիմանյան, Վազգեն Ռշտունի, Մխիթար Պապոյան, Դավիթ Գրիգորյան և Մանուկ Մարգարյան:

Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանն ու Դավիթ Գրիգորյանը եղել են Ռոբերտ Քոչարյանի գործը քննողները: Մխիթար Պապոյանին և Վազգեն Ռշտունուն ևս դեռևս 2019 թվականից կապում են Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման հետ, որն էլ կարդացել էր Դավիթ Գրիգորյանը:

Այսինքն՝ այս ցանկում պատահական անուններ չկան, և նրանց աշխատասենյակներում գաղտանլսող սարքեր տեղադրելը կոնկրետ նպատակ է հետապնդում: Ամեն դեպքում, այս ընթացքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունը, և բացահայտումներ են եղել։ Դրանց «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա հաջորդ համարներում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ