«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 9 տոկոս: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա մայիսին, ապրիլի հետ համեմատ, պահպանվել է գների կայուն մակարդակ: Բայց, չնայած սրան, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կահույքի եւ կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի 0.2 տոկոս գնաճ:
Թանկացել են նաեւ ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին, կենցաղային եւ այգեգործական գործիքները: Բացի այս, ինչպես եւ կանխատեսում էին մասնագետները, գնաճ արձանագրվել է նաեւ կոշիկի շուկայում 0.5 տոկոսի չափով: Իսկ հագուստի շուկայում թեեւ գնաճ չի արձանագրվել, բայց պահպանվել է նախորդ ամսվա գների մակարդակը: Փոխարենը փոքր-ինչ նվազել են բնակարանի նորոգման եւ սպասարկման համար նյութերի գները 0.3 տոկոսով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2 տոկոսով:
Ի դեպ, չեն նվազում նաեւ ոսկերչական զարդերի գները. դրանք թանկացել են 0.7 տոկոսով: Իսկ խոշոր կենցաղային սարքերը թանկացել են 0.8, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը՝ 1.2 տոկոսով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը