«Իր անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի թույլ և անկարող վիճակում չի գտնվել։ Սակայն ոչինչ պատահական չի լինում։ Ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրադարձությունների էվոլյուցիայի օրինաչափությանը, որը պարզորոշ է դարձնում, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունն իր ոչ համարժեք գործողություններով քայլ առ քայլ էրոզիայի ենթարկել մեր պետականությունը։ Պարզից էլ պարզ է՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ Հայաստանի դեմ քայլեր են իրականացնում, նրանք թշնամական պետություններ են և տարիներ շարունակ ատամ են սրել Հայաստանի դեմ։ Եվ դրանից էր բխում նաև մեր երկիրը տարածաշրջանային առանցքային նախագծերից մեկուսացնելու և զարգացումն արգելակելու հատուկ քաղաքականությունը։
Հետևաբար, բնական է, որ ինչքան ժամանակն անցնում է, թուրք-ադրբեջանական տանդեմը այնքան փորձում է ուժեղացնել իր ճնշումը Երևանի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանը ևս իր բոլոր հնարավոր միջոցներով պետք է պատրաստվեր դիմակայության։ Բայց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանությունները սկսեցին ոչ միայն թուրքական վտանգին լուրջ չվերաբերվել ու անտեսել, այլև առաջ քաշել թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու և մեր հասարակությանը, այսպես ասած, խաղաղության նախապատրաստելու թեզեր։ Չնայած 2020 թվականի ամռանը հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թուրքիան ու Ադրբեջանը համարվում են Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող հիմնական երկրները, սակայն իրականության մեջ Փաշինյանը գրեթե մշտապես շրջանցել է թուրքական վտանգը։ Ու սա այն դեպքում, երբ ադրբեջանական և թուրքական հասարակությունը բացահայտորեն սնուցվել ու սնուցվում է Հայաստանի դեմ բացահայտ թշնամանքով, իսկ Բաքուն և Անկարան օգտագործում են իրենց ունեցած հնարավորությունները, կապերը և ֆինանսական ռեսուրսները միջազգային մակարդակում Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն անելու նպատակով։
Այս ամենի ֆոնին, շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ իշխանությունների կողմից ի սկզբանե թիրախավորվեցին գրեթե բոլոր այն զինվորականները, հերոսներն ու գործիչները, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի դեմ տարած հաղթանակների կերտման գործում։ Դրանով Արցախյան հաղթանակների նշանակությունը հանրության աչքում նվազեցվեց ու հասցվեց համարյա թե եղած-չեղածի մակարդակի։ Իսկ դրան զուգահեռ կամաց-կամաց ներքին թշնամանքով տոգորված հասարակության ներսում սրսկվեց այն մտայնությունը, թե Թուրքիայից եկող վտանգ չկա։ Անգամ պատերազմի նախօրյակին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ, բայց պատերազմի արդյունքում տեսանք, թե ինչպիսի թելադրող դեր էր ստանձնել Թուրքիան Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից հետապնդումների և ճնշումների են ենթարկվում ընդհանրապես այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան գիտելիքների ու հնարավորությունների թուրք-ադրբեջանական կեղծիքները վեր հանելու, իրական փաստերը ներկայացնելու և նրանց հակաքարոզչությանը դիմակայելու հարցում։ Ադրբեջանաթուրքական ագրեսիվ քարոզչությանը հակազդած մարդկանցից մինչև ադրբեջանագետներ ու թուրքագետներ հետևողականորեն թիրախավորվում են Նիկոլի ու իր խմբակի կողմից: Տպավորություն է, թե դրանով Փաշինյանը հատուկ ժեստ է անում թշնամուն և փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարելու փոխարեն պայքարում է նշյալ անձանց դեմ։ Եվ ընդհանրապես, իսկական թշնամուն այս իշխանությունները թշնամի չեն համարում, բայց թշնամիներ են փնտրում ներսում, հատկապես նրանց առումով, որոնք այս կամ այն կերպ տրորել են Ադրբեջանի կամ Թուրքիայի «ոտքը»:
Դժվար է ասել՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, թե՞ չհասկանալու հետևանքով: Սակայն պարզ է, որ նրանց համար այս պահին առաջնայինը սեփական աթոռը պահպանելն է, իսկ մնացյալ առանցքային հարցերը կարծես թե երկրորդական նշանակություն ունեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը