20 03 2021

Ընտրական օրենսգիրքը՝ գզվռտոցի պատճառ․ «Ժողովուրդ»

Ընտրական օրենսգիրքը՝ գզվռտոցի պատճառ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը դարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննարկման թեժ թեման: Բանն այն է, որ օրենսգրքի նախագծի ընդունման հարցում իմքայլականները բաժանվել են երկու թևի:

 

Մարզերից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներն ամեն ինչ անում են, որ ընտրությունների գնան հին օրենսգրքով, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը չհանվի օրենսգրքից, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամներ կողմ են, որ Ընտրական օրենսգրքից ընդհանրապես հանվի ռեյտինգային ընտրակարգը, լինեն միայն համամասնական կարգով ընտրություններ: Օրենսգրքի փոփոխություններին կողմ է նաև իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը տևական ժամանակ է՝ աշխատում էր օրենսգրքի փոփոխությունների վրա:

Օրենսգրքի փոփոխությունների կողմնակից են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթև Հայրապետյանը, Աննա Կարապետյանը, որոնք դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին գնալ ներկայիս ընտրակարգով: Ու այժմ այս հարցը դարձել է տարաձայնությունների պատճառ:

 

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ իր թիմին չի ասել, թե այս հարցում իր վերջնական դիրքորոշումը որն է: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո խմբակցությունը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նրանք լծվել էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերը կարգավորելու գործին: Այժմ սպասում են Փաշինյանի խոսքին` հետագա քայլերի համար:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով առաջին հերթին պետք է փոխվեր ռեյտինգային համակարգը: Փաշինյանի խոսքով՝ հենց այս համակարգի շնորհիվ էին նախկին իշխանությունները կարողանում վերարտադրվել, քանի որ օգտագործում էին գործարարների, հեղինակությունների ռեսուրսները և հենց նման անձանց շնորհիվ ձայներ բերում, այլ ոչ թե գաղափարների:

Սակայն հիմա, կարծես թե, Փաշինյանի սրտով է ռեյտինգային ընտրակարգը, և նա ևս որոշել է նոր ընտրությունները կազմակերպել՝ օգտագործելով հենց իր կողմից մերժված գործիքները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ