«Դեռևս նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել, պահանջում էր քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Բալայանի հիմնավորմամբ՝ Փաշինյանն իրավունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջել Ադրբեջանին. հայտարարությունն իրավական ուժ չունի: Բալայանը հացադուլը դադարեցրել էր, բայց հայտարարել էր, որ ինքը շարունակելու է փաստեր հավաքել ու հրապարակային դատավարություն սկսել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Armlur.am-ը զրուցել է Կիմ Բալայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում են գտնվում իր՝ հավաք իրականացնելու աշխատանքները, և ինչ արդյունք ունեն:
-Կա՞ կոնկրետ ինչ-որ բան, որ այս ժամանակահատվածում արել եք: Ձեր պահանջը շարունակո՞ւմ է նույնը մնալ: Շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
-Նույնը մնում է, իհարկե: Դրան գումարած՝ նաև փաստեր ենք հավաքում փաստահավաք խմբով՝ նրա կատարած դավաճանական արարքների վերաբերյալ։
- Ովքե՞ր են այդ խմբի ներկայացուցիչները, որոնց հետ այս պահին աշխատանքներ եք իրականացնում:
-Իրավաբաններ են, բայց անվանական չէի ուզենա ասել, որովհետև նրանց մի մասը այսօր գործող իրավաբաններ են:
-Պարո՛ն Բալայան, այս ժամանակահատվածում արդյոք հաջողվե՞լ է այդպիսի փաստեր գտնել: Ի՞նչ պրոցես է ընթանում այս պահին:
-Բավականին շատ են, բայց դրանց պաշտոնական ընթացք տալը այսօր նպատակահարմար չեմ համարում, որովհետև իրավապահ մարմինների ղեկավարները՝ գլխավոր դատախազից սկսած, իրենք են ամեն օր հանցագործություն կատարում՝ ցուցաբերելով անգործություն:
-Այսինքն՝ այդ փաստերը հավաքում եք, երբ կլինի իշխանափոխություն, այդ ժամանակ նոր պրոցես կսկսվի՞ վարչապետի դեմ։
- Հնարավոր է նաև, որ մենք հրապարակային դատավարություն սկսենք Ազատության հրապարակում:
-Ըստ Ձեզ՝ դա ե՞րբ կսկսվի, կամ ինչ-որ ժամանակահատված, երբ հստակ որոշված լինի փաստեր ներկայացնել:
-Հստակ որոշված ժամկետ չկա: Ես ավելի շուտ համոզված եմ, որ, ի վերջո, իրավապահ մարմինները խելքի կգան, և իրենք կնախաձեռնեն կալանքը:
-Այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգին Դուք չե՞ք վստահում:
-Զուտ իրավապահին, իհարկե, վստահելու տեղ չկա, որովհետև ամեն օր իրենք հանցագործություն են կատարում՝ անգործունեություն ցուցաբերելով:
-Ո՞ր իրավապահ համակարգին ի նկատի ունեք՝ Դատախազությո՞ւն, Ոստիկանությո՞ւն, Քննչական կոմիտե՛...
-Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն:
-Որո՞նք են այդ քայլերը: Դուք կոնկրետ ի՞նչ եք պահանջում իրավապահ համակարգից, որը չի իրականացվում:
-Հրապարակայնորեն դա ներկայացված է: Հաղորդումներ է տրված Նիկոլի հանցագործությունների վերաբերյալ՝ սկսած սահմանադրական կարգի տապալումից, մինչև պետական դավաճանություն:
֊Այսինքն՝ դա փաստերով կա. սակայն իրավապահ համակարգը որևէ քայլ չի ձեռնարկո՞ւմ:
-Իրավապահ համակարգը անօրինական ձևով քայլ չի ձեռնարկում:
-Պարո՛ն Բալայան, քանի որ այսօր (երեկ-Ս.Գ.) մեծ հանրահավաք է սպասվում Ազատության հրապարակում, արդյոք պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմությանը, Ձեր պահանջը ներկայացնել: Լինելո՞ւ եք Ազատության հրապարակում:
֊Ես միշտ էլ եղել եմ և էլի կլինեմ:
-Իսկ ընդդիմության՝ հանրահավաք իրականացնելու քայլերը ճի՞շտ եք համարում այս պահի դրությամբ: Անհնազանդության կոչեր անելու կո՞ղմ եք: Իրենք կարո՞ղ են հասնել իրենց ցանկալի նպատակին:
-Դա արդեն քաղաքական գործունեություն է: Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, ես զուտ իրավական հարցերով եմ զբաղվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը