«Փաստ» օրաթերթը գրում է․ 2020 թվականին Հայաստանն ունեցավ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ամենախոշոր անկումը՝ 7,5 տոկոս։ Եվ անցյալ տարվա իրավիճակն իներցիայով մեծապես ազդում է նաև այս տարվա տնտեսական դինամիկայի վրա։ Կորոնավիրուսի ճգնաժամին և պատերազմի ծանր հետևանքներին գումարվել են նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման հետևանքով լրացուցիչ տնտեսական կորուստները։ Սակայն առանց տնտեսության վերականգնման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է աննախադեպ հետճգնաժամային վերականգնման մասին, ներդրումային ծրագրեր է քննարկման դնում, տարաբնույթ ցուցանիշներ է ներկայացնում և այլն։
Ընդ որում, առանց հիմնավորման, մի տեսակ նախընտրական քարոզչության նման է այս ամենը: Ու հետաքրքրական է, որ տնտեսության մեջ դրական միտումներ ցույց տալու համար, իր սովորության համաձայն, Փաշինյանը մատնանշում է ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը։ Ինչպես ասում են՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ» ՀԴՄ-ի մասին: Բայց տնտեսական վերականգնման համար առավել կարևոր են գործարքների ծավալային ցուցանիշները, այլ ոչ թե ՀԴՄ կտրոնների մեծ քանակը, քանի որ կարող է լինել մեծ քանակ, բայց փոքր ծավալ։ Եվ հետո, զարմանալի է, թե ինչպե՞ս է Փաշինյանն արդեն խոսում հետճգնաժամային իրավիճակի մասին, երբ հազարավոր բիզնեսներ շարունակում են փակվել կամ սնանկանալ։ Անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ վերջերս խոստովանեց, որ բիզնեսի վիճակը շատ վատ է։ Դրան գումարած՝ շուկայում ներկայումս նկատվում են առաջին անհրաժեշտության ապրանքների էական թանկացումներ այն պարագայում, երբ բնակչության եկամուտները ոչ թե ավելացել են, այլ մեծապես նվազել։
Իսկ գործազրկությունը ժամանակի ընթացքում նորանոր ռեկորդներ է սահմանում, մարդիկ ստիպված թանկ տոմսեր են գնում, որ երկրից հեռանան։ Էլ չենք խոսում պետական պարտքի մասին, որն անասելի չափերի է հասել։ Բացի այդ, եթե իշխանությունների պատկերացրածով տնտեսության մեջ դրական տեղաշարժեր կան, ապա ինչո՞ւ էին եվրոբոնդեր թողարկում և նոր պարտք ծանրացնում պետության ուսերին ընդամենը ընթացիկ խնդիրներ լուծելու համար, կամ ինչո՞ւ էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած միջոցները փոխանցում պետբյուջե։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից ներդրումային ծրագրերի թեմայի շահարկմանը, որով հանրությանը փորձում են համոզել, թե Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ հետաքրքրություն է նկատվում, ապա նշենք, որ միշտ էլ կարելի է միլիարդավոր ղոլարների ներդրումային ծրագրեր քննարկել ու մանիպուլացնել հասարակությանը տարբեր խոստումներով։ Սակայն եթե ներդրումային ծրագրերը իրական են, ապա կարելի է դրանք առանց երկար-բարակ քննարկելու իրականացնել, ինչը չի արվում։
Չի արվում, որովհետև դրանք չկան ու չեն կարող լինել: Իսկ եթե այդ ծրագրերը միայն թղթի վրա են, ապա դրանց իրականացման մասին խոսելն իսկ ավելորդ է։ Տնտեսության շուրջ իշխանական քարոզչությունը շատ է նմանվում պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի տրամաբանությանը, երբ հանրությունը հոգեբանորեն պատրաստվում էր հաղթանակի, բայց հանկարծակի վրա հասավ չսպասված պարտությունը։ Նույն կոնտրաստային էֆեկտը տնտեսությանն է վերաբերում: Ինչպես պատերազմից առաջ էին փորձագետները զգուշացնում, այնպես էլ հիմա են տնտեսագետները բարձրաձայնում, որ մեր տնտեսությունը պարզապես գահավիժում է, գնում ենք աղքատության խորացման ճանապարհով, այնինչ իշխանությունները տարբեր ձեռնածությունների միջոցով տարփողում են, թե իբր տնտեսությունը վերականգնվում է, ժողովուրդ ջան, մի քիչ էլ համբերեք, և ամեն ինչ լավ է լինելու, ձեր եկամուտներն ավելանալու են, աշխատատեղեր են ստեղծվելու և այլն:
Այնինչ, մեծ է հավանականությունը, որ շուտով պարզվի, թե այնպիսի ռիսկային շեմի ենք հասել, որ անգամ աշխատավարձերի և թոշակների վճարման խնդիր է առաջացել։ Ինչպես ասում են՝ «չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը», բայց իշխանությունները պետությունը տանում են այդ ուղղությամբ։ Հետո իշխանություններն իրենց ձախողումների համար միշտ էլ կարող են արդարացումներ գտնել կամ մեղավորներ նշանակել, դա, ստելուց բացի, մյուս բանն է, որ նրանց մոտ լավ է ստացվում, այնինչ վերստին տուժողը լինելու են երկիրն ու հասարակ ժողովուրդը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը