«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի նախկին վարկանիշը հանրության շրջանում, արդեն փաստ է։ Սա՝ շատ մեղմ ասած: Դրա համար նույնիսկ սոցհարցումներ կատարելու կարիք չկա, պարզապես պետք է «մարդամեջ» դուրս գալ, ինչը չեն կարող անել Փաշինյանն ու իր թիմը: Պատերազմի ծանր արդյունքների և ոչ արդյունավետ կառավարման արդյունքում այսօր հանրությունը հայտնվել է հուսահատության փոսում։ Նույնիսկ շատերն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հետ մեկտեղ, երկրից հեռանալու տրամադրություններ են արտահայտում։ Սակայն Փաշինյանը համառորեն ձգտում է կառչած մնալ իր աթոռից՝ թեկուզ գիտակցելով, թե իր իշխանությունը հայոց պատմության մեջ ինչ անփառունակ հետք է թողել։
Եվ իր պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու նպատակով անընդհատ մանիպուլյացիաների է դիմում՝ թոզ փչելով հանրության աչքերին։ Նիկոլն անընդհատ հոլովում է ժողովրդի անունը, թե իրական իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրեն վստահության քվե է տվել, հետևաբար ժողովուրդն էլ պետք է որոշի, թե ինչպես պետք է լինի իշխանությունների և ընդհանրապես Հայաստանի ապագան։ Այո, միշտ էլ ժողովուրդն է որոշում կայացնում: Բայց պետք է հասկանալ, որ այսօր ամենևին ստանդարտ վիճակ չէ, իսկ Փաշինյանի՝ ամենօրյա իշխանության մնալը բոլորիս տանում է դեպի անդառնալի կոլապս: Մյուս կողմից՝ պարզապես պարզունակության գագաթնակետն է ժողովրդի կարծիքն ու վերաբերմունքը որոշել փողոցում տվյալ պահին գտնվողների քանակով:
Երևի Փաշինյանը հիշում է, թե քանի հոգով սկսեց իր քայլերթը Գյումրիից, որը ողբերգություն ու կատաստրոֆա բերեց մեր երկրին ու ժողովրդին: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ միայն իր մի բուռ կողմնակիցներն ու ֆեյքերն են ժողովուրդ։ Միևնույն ժամանակ, իրեն ժողովրդի վարչապետ հռչակած անձը սկսել է պաշտպանվել ժողովրդից։ Վերջինս ոչ միայն խուսափում է դուրս գալ հանրության մեջ, այլև պաշտպանվում է ժողովրդից՝ զենք պահելով ժողովրդի վրա։ Վարչապետը բազմիցս մեղադրել է նախկիններին, թե իրականությանը նայել են «մերսեդեսի» կամ մասնավոր ինքնաթիռի պատուհանից և կտրված են եղել ժողովրդից՝ ոստիկանության շարքերի հետևը թաքնվելով, բայց ինքն այսօր սկսել է ժողովրդից պատսպարվել և թաքնվել մեծ թվով ոստիկանական ուժերի հետևում։
Ընդ որում, աննախադեպ քանակի ոստիկանների: Հետո էլ Նիկոլը հայտարարում է, թե իրենք ժողովրդի իշխանությունը չեն կարող հանձնել փողոցով անցնող պատահական որևէ մեկին՝ մոռանալով, որ ինքը հենց փողոցով է իշխանության եկել, ճնշումների, պարտադրանքի միջոցով, և փողոցն է առաջին հերթին իրեն վարչապետի թեկնածու հռչակել, որից հետո միայն ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես վարչապետ։ Պաշտոնը պահելու համար Փաշինյանը ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև ժողովրդի դեմ է դուրս գալիս՝ բռնի, անհամաչափ ուժ կիրառելով բողոքի ակցիա իրականացնողների հանդեպ։ Իսկ ինչո՞ւ է նա այդքան համառում՝ զանց առնելով ժողովրդի էական ու ամենկարևորը՝ որակական հատվածի կողմից հնչող հրաժարականի պահանջները։ Թերևս Նիկոլը հույսեր է փայփայում, որ կկարողանա այնքան ժամանակ ձգել, որ հասարակության ներսում էմոցիոնալ իրավիճակն անցնի և դժգոհության դոզան նվազի, որն էլ իրեն հնարավորություն կտա շարունակել իր պաշտոնավարումը մինչև հերթական ընտրություններ։
Կամ գուցե որոշ ժամանակ անց իր ձեռամբ անցկացնել արտահերթ ընտրություններ՝ կեղծիքներով ու վարչական ռեսուրսով նորից վարչապետ կարգվելու համար: Հենց այս տրամաբանությունից ելնելով է, որ Փաշինյանը ներկայացրել է վեցամսյա իր ճանապարհային քարտեզը, բայց նա հաշվի չի առել, որ այս ժողովրդի դժգոհությունը հասել է իր պիկին, և ժողովրդական հոսքի ներքո իր երերացող իշխանությունն ուղղակի շատ շուտով պարզապես փլուզվելու է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը