08 12 2020

Կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը կեղծիքներ են թույլ տվել․ «Փաստ»

Կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը կեղծիքներ են թույլ տվել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը, որը մտել էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգ։ Անհայտ պատճառներով նախագիծն օրակարգ էր մտել որպես չզեկուցվող և անհետաձգելի համարվող հարց։ Սակայն բուհերը «նկատել են» այս քայլը, իսկ օրենքի նախագծում նախարարության կողմից գաղտագողի ավելացված հոդվածները լուրջ սկանդալի պատճառ են դարձել՝ սրելով բուհեր-նախարարություն հարաբերությունները։ Բանը հասել է նրան, որ մի շարք բուհերի ռեկտորների պահանջով գումարվել է ռեկտորների խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նորանշանակ նախարարը։

Ներկաները պատմում են, որ հանդիպումն անցել է շատ լարված մթնոլորտում։ Այն աստիճան, որ նախարարը, տարբեր ռեկտորների ելույթներից հետո, անընդհատ ներկաներին հորդորել է զրույցը վարել վստահության մթնոլորտում և նախարարության գործողությունները չպիտակավորել։ Սակայն ներկա ռեկտորների մեծամասնությունն այդպես էլ չի ընկրկել, իսկ անվստահության հանգամանքը բացատրել է նախարարության կողմից դրսևորված մասնագիտական և պաշտոնեական էթիկայի խախտմամբ։ Բանն այն է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շրջանառված և հանրային քննարկման դրված նախագծի և կառավարությանը ներկայացված նախագծի միջև էական բովանդակային տարբերություններ կան, որոնք օրենքում փոփոխվել են բոլորից «թաքուն»։

Հանդիպման ընթացքում ռեկտորների կողմից այս հանգամանքն անընդհատ մատնանշելուց հետո նախարարության պատասխանատուներն ի վերջո ստիպված են եղել ընդունել, որ հանրային քննարկման դրված և բուհերի հետ շուրջ երկու տարի քննարկված նախագծում օրենքի որոշ հոդվածներ երբեք ներառված չեն եղել և երբևէ որևէ հաստատության հետ չեն քննարկվել։ Այս «գաղտնի» հոդվածները նախարարության կողմից օրենքի նախագծում ներառվել են 2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում։ Ռեկտորների բարձրացրած խնդիրների շարքում ամենավիճահարույցները թերևս բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգերին, դրանց ժամկետներին և, իհարկե, ռեկտորների նշանակման կարգին առնչվող հոդվածներն են եղել։

Սակայն, ոլորտի մասնագետների գնահատմամբ, ամենախայտառակ և հանրությունից «թաքուն» կատարված փոփոխությունն առնչվում է օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերին, որոնցով ԿԳՄՍ նախարարին իրավունք է վերապահվում օրենքի բոլոր պահանջները շրջանցելով՝ բուհերում 5 տարի ժամկետով նշանակել ռեկտորներ և նրանց համար այդ ողջ ընթացքում ապահովել բացարձակ անձեռնմխելիություն։ Նոր օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մասով նախարարին իրավունք է վերապահվում, օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները շրջանցելով, մինչև 5 տարի ժամկետով, գիտական կազմակերպության տնօրեն կամ բուհի ռեկտոր նշանակել համապատասխան գիտական աստիճան, պահանջվող աշխատանքային փորձ և ստաժ չունեցող ցանկացած մեկին։ Նույն հոդվածի մեկ այլ կարգավորմամբ էլ նախարարի կողմից նշանակված անձը պաշտոնավարման ընթացքում, կարելի է ասել, ենթակա է բացառապես իրեն նշանակող նախարարին։

Մասնավորապես, բացառություններ են սահմանվել գիտական կազմակերպության և բուհերի «նշանակված» ղեկավարներին՝ կառավարման խորհուրդների կողմից անվստահություն հայտնելու հիմքով աշխատանքից ազատելու առումով։ Սա, ի դեպ, գիտական կազմակերպությունների ընտրված ղեկավարների համար նախատեսված էր օրենքի 24-րդ հոդվածի 13-րդ մասով, իսկ բուհերի ընտրված ռեկտորների պարագայում՝ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 12-րդ մասով։ Ըստ մեր մի շարք զրուցակիցների, ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը զբաղվել է կեղծիքներով, քանի որ հանրային քննարկման է տարել օրենքի մի նախագիծ, իսկ կառավարություն և ԱԺ-ի քննարկմանը բերում է միանգամայն այլ նախագիծ։

Սակայն, չգիտես ինչու, նոր նախագծին կցում է նախորդ նախագծի հանրային քննարկման տեղեկանքը։ ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրները պնդում են, որ բոլոր գաղտագողի փոփոխությունները կատարվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախկին նախարար Ա. Հարությունյանի և ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի իմքայլական անդամների միջև կայացած ինչինչ փոխհամաձայնությունների արդյունքում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։ 

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ