«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռ մեկ տարի առաջ մի խելոք մարդ ասաց՝ մեր հույսը կարող է լինել բացառապես այն, որ Նիկոլը հասկանա՝ չի կարելի պառակտել երկիրը, հարկավոր է մարդկանց միավորել, համախմբել, նվազեցնել ատելության ու չարության չափաքանակը, դառնալ բոլորի վարչապետը, հրաժարվել վրեժի ու պատժելու մոլուցքից։
Դա դեռ 2019 թվականն էր, եւ մենք չունեինք ո՛չ համավարակ, ո՛չ պատերազմ։ Բայց հույսը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այս պարզ ճշմարտությունը կհասկանա եւ կվերանայի իր պահվածքը, գրեթե զրոյական էր։ Այսօր մենք ունենք քովիդից տառապող ժողովուրդ, պատերազմից բզկտված երկիր, հազարավոր զոհեր, տարածքների հսկայական կորուստներ, հուսահատություն, անելանելիություն, եւ դրանում ահռելի է Նիկոլի «վաստակը», ով ժամանակին չհասկացավ պառակտման, չարության, հայհոյանքի ու վրեժի մթնոլորտի վտանգները։
Թվում էր՝ գոնե պատերազմը եւ մեր ինքնիշխանությունից այս կործանարար նահանջը պետք է նրան ուշքի բերեին եւ հասկացնեին, որ թշնամին սահմանից այն կողմում է, այլ ոչ թե մեր երկրում։ Որ այսօր ոչ թե Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելով, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելով, քեզ քննադատողների վրա ֆեյքերին «քսի տալով» կարելի է հասնել հաջողության, այլ ամենօրյա դաժան աշխատանքով։ Ոչ թե պետք է Արցախում տիրող իրավիճակի վրա աչք փակել, այլ բանակցություններ վարել, որ այդ փաստաթղթի արդյունքում ստեղծված իրավիճակը փոքր- ինչ բարելավվի։
Երբ դու լուծման կարոտ միլիոնավոր խնդիրները թողած՝ ընկնում ես ընդդիմության հետեւից եւ քեզ մխիթարում ես նրանով, որ կոտրված ու հուսահատ ժողովուրդն Ազատության հրապարակի հանրահավաքներին չի մասնակցում, մեր կորուստները դրանով չեն սահմանափակվում։ Ավելին՝ անգամ կողմնակիցներդ շուտով համոզվելու են, որ քո հեռանալն այլընտրանք չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը