26 06 2020

Հանրաքվեն չեղարկելու որոշում դեռևս ոչ ոք չի կայացրել․ Էդգար Ղազարյան․ «Հրապարակ»

Հանրաքվեն չեղարկելու որոշում դեռևս ոչ ոք չի կայացրել․ Էդգար Ղազարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ հետ վերցրին Սահմանադրական դատարան մուտք արած իրենց դիմումը, որով ՍԴ-ն պետք է հուլիսի 7-ին քննի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որով մեղադրվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի պաշտպանների խոսքով՝ իրենք դիմումը հետ են վերցնում, որպեսզի Էդմոն Մարուքյանը չկաշկանդվի եւ միանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմումին։ Հիշեցնենք․ Մարուքյանն ասել էր, որ իրենք այս պահին չեն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ-ում վիճարկելու համար, որ դրանով, իբրեւ թե, իրենց չմիացնեն նախկինների ճամբարին։ Մարուքյանն էլ երեկ հայտարարեց, թե իզուր են Քոչարյանի փաստաբանները դիմումը հետ վերցրել, թող մնար, քննվեր գործը, քանզի դա իրենց որոշման մեջ բան չի փոխելու՝ իրենք ՍԴ կդիմեն ամսի 7-ից հետո։ Բայց միայն Քոչարյանի դիմումի հիման վրա չէ, որ ՍԴ-ն պետք է քննի կամ չքննի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը․ նույն հարցով ՍԴ էր դիմել նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Դրանք համատեղ դիմումներ են եղել, որոնք ՍԴ-ն միավորել դարձրել է մեկ ընդհանուր գործ։ Այս ամենից զատ՝ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն այսօր։ Այսինքն՝ ըստ իմքայլականների, 3 դատավոր պետք է դադարի պաշտոնավարել։ Երեկ զրուցեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։

 

- Պարոն Ղազարյան, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հետ է վերցրել իր դիմումը, դա նշանակո՞ւմ է, որ գործի քննությունը տեղի չի ունենա, թե՞ Դավիթ Գրիգորյանի դիմումը դեռ կա, եւ այն բավարար է, որպեսզի նիստը կայանա։

- Դա ավտոմատ չի ենթադրում։ Սահմանադրական դատարանն ինքը պիտի աշխատանքային կարգով որոշի՝ գործի քննությունը կարճո՞ւմ է, թե՞ չի կարճում, դրա համար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Ես տեսական բաներ եմ ասում, ոչ թե էս դեպքերի հետ կապված։ Նույնիսկ հնարավոր է, որ դիմումատուն իր գործը հետ վերցնի, բայց ՍԴ-ն նպատակահարմար համարի գործի քննությունը եւ շարունակի դա իրականացնել։ Բայց նաեւ կարող է բավարարել դիմող կողմի խնդրանքը, եւ դա հիմք հանդիսանա գործը կարճելու համար։ Այսինքն՝ այդ հարցերը դատարանից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող ասել։ Հիմա մենք ստացել ենք արդեն Քոչարյանի փաստաբանների դիմումը, որ իրենց դիմումը հետ են վերցնում, եւ  այդ դիմումը դատարանը կքննարկի առաջիկա իր աշխատակարգային նիստի ընթացքում։

- Այսինքն՝ հնարավոր է, որ միայն Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը գործը քննի։

- Ես Ձեզ ասում եմ՝ ես դատարանի կողմից կայացվելիք հնարավոր որոշումների վերաբերյալ չեմ կարող որեւէ բան ասել, դա միայն դատարանը կարող է ասել։

- Ես տարբերակները նկատի ունեմ, թե ինչ հնարավոր որոշում կարող է կայացնել դատարանը։

- Տարբերակները, ասեմ Ձեզ, նույնիսկ կարող է դիմումատուն իր դիմումը հետ վերցնել, բայց դատարանը նպատակահարմար համարի այդ հարցի քննարկումը, որովհետեւ մեր դիմումատուներն անձին վերաբերող հարցեր չեն վիճարկում, այլ քննարկվում է այս կամ այն իրավական ակտի սահմանադրականության հարցը։ Եթե դատարանն էդ սահմանադրականության խնդիրը տեսնում է եւ ուզում է դա լուծել, կարող է նաեւ լուծել՝ անկախ դիմումատուի հետագա վարքագծից։ Մեզ համար դա Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարց չէ, դատարանի տեսանկյունից դա Քրեական օրեսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելիության հարց է։ Դիմումատուի կարծիքը, իհարկե, կարեւոր է, պրակտիկայում շատ են եղել դեպքեր, որ դատարանը, հիմք ընդունելով, որ դիմումատուն դիմումը հետ է վերցրել, գործի քննությունը կարճել է։ Բայց դա իմպերատիվ չէ դատարանի համար։

- ԱԺ նախագահը երեկ պաշտոնական տեղեկագրում հրապարակել էր սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը, որն այսօրվանից ուժի մեջ է մտնում։ Դա ՍԴ աշխատակազմի գործառույթների մասով ի՞նչ է ենթադրում, դուք որեւէ գործառույթ ունե՞ք իրականացնելու, քանզի, ըստ այդ օրենքի, ՍԴ 3 անդամ պետք է դադարեն պաշտոնավարել։

- Ճիշտն ասած՝ այդ հարցի վերաբերյալ ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, որովհետեւ էստեղ մեկնաբանությունների ենթակա բազմաթիվ հարցեր կան օդում կախված։ Օրինակ՝ տիկին Ալվինա Գյուլումյանն է ասում, որ ինքը պաշտոնը ստանձնել է 2014 թվին, ընդ որում՝ ինքն այդ ժամանակ, երբ պաշտոնը ստանձնել է, ոչ թե նախկինում կասեցված է եղել, եկել շարունակել է, այլ լրիվ նոր հիմունքներով է այդ պաշտոնը ստանձնել։ Բացի դրանից, ինքը 2015 թ․ փոփոխություններից հետո այս տարի՝ 2020 թվականին, ընտրվել է ՍԴ փոխնախագահ։ Հիմա, օրինակ, ինձ համար հարց կա՝ ինքը շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե՞ չէ։ Դրա համար այդ հարցերի ամենահստակ լուծումը միայն Սահմանադրությամբ չէ, մենք նաեւ օրենք ունենք ՍԴ-ի մասին, որին օրենսդիրը դեռ չի անդրադարձել։

- Ընդդիմադիրները, բազմաթիվ իրավաբաններ պնդում են, որ այս սահմանադրական փոփոխությունների ընդունումն օրենքի կոպիտ խախտմամբ է տեղի ունեցել, որ դրանով սահմանադրական կարգի տապալում է եղել, սահմանադրական հեղաշրջում։

- Ես հիմա պարտավոր չեմ բոլորի տված որակումներին արձագանքել, ամեն մարդ իր կարծիքի տերն է, ես մի բան գիտեմ, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո չի փոփոխվել։ Այսինքն, հո միայն Սահմանադրությո՞ւնը չէ, Սահմանադրությունից բխող իրավական ակտեր գոյություն ունեն նաեւ։ Հիմա, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուց հետո ենթադրվում է, որ օրենսդիրը հաջորդ էտապում պիտի անցնի իրենց կատարած փոփոխությունից բխող իրավական ակտերում փոփոխություններ կատարելուն, որպեսզի հանրային կյանքը հնարավոր լինի կարգավորել։ Հակառակ դեպքում մենք միայն Սահմանադրություն կունենայինք, ուրիշ ոչ մի օրենք չէինք ունենա։

- Բայց օրենսդիրն այդ մասին չի խոսում, Ձեր նշած այդ իրավական ակտերի փոփոխություն կարծես թե չի նախաձեռնել, եւ վաղը կարող է գան ասեն՝ Սահմանադրության մեջ փոփոխություն ենք արել, որով պետք է ՍԴ երեք դատավոր հեռանա։

- Ես չգիտեմ՝ միայն ասելով հնարավո՞ր է։ Միայն ասելով չէ, մեր հասարակական կյանքը հո ասելո՞վ չի կարգավորվում, օրենքներով է, չէ՞, կարգավորվում։ Հիմա ես Ձեզ մի բան ասեմ՝ սահմանադրական հանրաքվեն չեղարկելու մասին որոշում դեռեւս չի ընդունվել։ Սահմանադրության այն հոդվածը, որն Ազգային ժողովը փոփոխել է, դրված է սահմանադրական հանրաքվեի, որը չեղարկելու մասին որոշում դեռեւս ոչ ոք չի կայացրել։ Այսինքն, եթե էսօր կառավարությունը որոշում կայացնի արտակարգ դրությունը չեղարկել, օրենքով սահմանված 55-65 օրվա ժամանակահատվածում պետք է նշանակվի հանրաքվեի անցկացման օրը։ Այս պահի դրությամբ ուրիշ ոչ մի իրավական ակտ գոյություն չունի։ Այսինքն՝ մեր երկրի քաղաքացիները, որոնք սպասում էին, որ պիտի հանրաքվեի միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտեին, նրանք այդ սպասման մեջ են, ոչ մի որոշում չկա, որ հանրաքվեն չեղարկվել է։

- Հիմա Սահմանադրական դատարանը եւ նրա աշխատակազմն այս օրենքից բխող որեւէ աշխատանք իրականացնո՞ւմ են։

- ԱԺ նախագահի այդ հրապարակման էլեկտրոնային տարբերակին ես ծանոթացել եմ, բայց փաստաթղթեր, գրություններ, որոցով պետք է իմ գործողություններում ես նոր բան մտածեմ, չեմ ստացել։ Ես աշխատում եմ իմ սովորական ռեժիմով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ