«Հրապարակ»-ը գրում է․ «Դատելով վերջին օրերի իրադարձություններից՝ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել արտաքին քաղաքական վեկտորի հարցում եւ դեգերումների մեջ է։ Մի կողմից տպավորություն է, որ փորձում է պոկվել ռուսական ազդեցությունից եւ թեքվել դեպի Արեւմուտք, մյուս կողմից՝ եվրոպական ուղղության վրա էլ ամեն ինչ հստակ չէ։ Հասկանալի է, որ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ աշխատում են, եւ այս լղոզված, որոշ անօրինական պահանջների հանդեպ զիջումներ պարունակող եզրակացություններն այդ սիրախաղերի արդյունքն են։
Մյուս կողմից՝ Եվրոպայի ամենամեծ կուսակցության եւ հեղինակավոր անձի՝ Դոնալդ Տուսկի դեմ են հայտարարություն անում՝ ԱԺ փոխնախագահի շուրթերով։ Հաջորդ օրը նույն փոխնախագահը հանդիպում է ՌԴ դեսպանի հետ։ Բայց ԱՄՆ դեսպանին է ընդունում արդարադատության նախարարը, եւ քննարկում են «ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված Հայաստանի արդարադատության համակարգի հավակնոտ բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն հաստատությունների ձեւավորմանն ու ոստիկանության բարեփոխումներին»։ Իսկ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեսազրույց է ունենում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, քննարկում են տարբեր հարցեր, հատկապես՝ Հայաստանի ավիացիոն խնդիրները, եւ դեսպանը խոստանում է աջակցել այդ խնդիրների լուծմանը։
Մի փաստ եւս՝ ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանի՝ Արցախի հարցի մասին ոչ այնքան լավատեսական ելույթը։ Եթե սրա կողքին դնում ենք նաեւ գազի սակագնի բարձրացումը ՀՀ տնտեսվարողների համար եւ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 24-ի շքերթին մասնակցելուց հրաժարվելը, պատկերն ամբողջանում է։ Հասկանալի է դառնում, որ մեր պետությունը, օվկիանոսին հանձնված մակույկի նման, խարխափում է անծանոթ ջրերում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը