13 06 2020

Գիշեր չի եղել, որ չի լուսացել․․.Լիա Իվանյան․ Panorama.am

Գիշեր չի եղել, որ չի լուսացել․․.Լիա Իվանյան․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «(ժողովրդական ասացվածք)
Էս մութ գիշերն էլ կլուսանա, ներկա բոլոր վիրուսներն էլ կանցնեն կգնան Հայոց աշխարհից։ Ֆեյքերն ու զոմբիներն էլ վերստին կսսկվեն հատակում՝ երանությամբ հիշելով թավշյա այն կարճ ժամանակահատվածը, երբ իրենց հայհոյել-անիծելը որոշակի դեր խաղաց հասարակության կյանքում (ի՞նչ փույթ, որ դերն այդ նողկալի էր ու ամոթալի)։

Կլուսանա գիշերը, կմաքրվեն ջրերը, կկորչեն կեղտերը, և կսկսվի ջլատված հասարակության առողջացման ու սասանված պետական ինստիտուտների վերակառուցման փուլը։

Բայց մինչ այդ ստիպված կլինենք հաղթահարել դժնդակ շատ օրեր։

Կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության միավորմանը զուգընթաց, արդեն իսկ տեսանելի է, որ իշխանությունը պահելու հարցում վարչախումբը որդեգրել է ոչ մի քայլ չնահանջելու դիրքորոշումը՝ ողջ լծակները գործի դնելով ընդդիմությանը լռեցնելու համար։ Ընդ որում, ջանալով լռեցնել ոչ միայն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը, այլև միջոցների առաջ կանգ չառնելով՝ հենց սաղմում խեղդել բողոքի ցանկացած դրսևորում։

Եվս մեկ ամսով արտակարգ դրությունը երկարաձգելը, նույնիսկ ոչ մասնագետների համար, ակնհայտորեն բողոքի ցույցերն ու հավաքները թույլ չտալուն է ուղղված։

Դրան է ուղղված նաև համատարած վախի տարածումը ժողովրդի մեջ։ Ոստիկանների ասֆալտափռիչ-թևաոլորիչ բիրտ գործողությունները դիմակ չկրող, հիմա նաև՝ դիմակը պատշաճ չկրող քաղաքացիների նկատմամբ, ոչ այլ ինչ է քան ուժի ցուցադրում։ Սակայն, սեփական վախերի պատճառով այլոց մոտ վախ առաջացնելու ձգտումը կարճաժամկետ արդյունք կարող է ունենալ, հատկապես այն դեպքում, երբ մարդիկ լիքը իրական վախեր և կուտակված պրոբլեմներ ունեն։

Մեր համերկրացիներն այսօր ավելի շատ վախենում են երեխաներին քաղցած տեսնելուց, բիզնեսն ու աշխատանքը կորցնելուց, կոմունալներն ու վարկերը մուծել չկարողանալուց, կորոնավիրուսով վարակվելու դեպքում անտերության մատնվելուց, շոգ ու դատարկ փողոցում «պատշաճ» կրած դիմակից շնչահեղձ լինելուց։ Եվ խորացող ու լուծում չգտնող այս վախերին ավելացնել անիմաստ պատժվելու վախը՝ նշանակում է ողջ զայրույթը կենտրոնացնել այն կիրառողների դեմ։ Առաջին պլանում, իհարկե, ոստիկաներն են։

Բայց քանի որ բոլորն արդեն հասկացել են, որ ուժային կառույցները , օրենքներն ու Սահմանադրությունը վարչապետը փորձում է դարձնել իր անձնական օգտագործման տիրույթները՝ զայրույթի սլաքները մի օր կենտրոնացած հարվածելու են հենց նրան։ Մանավանդ որ վերջինս՝ զգալով իր իշխանության մոտալուտ վախճանը, հայտնվել է հիվանդագին սրացումների մեջ, թույլ է տալիս ցայտնոտային սխալներ, անգամ սպառնում է «ոմանց նկատմամբ այնպիսի ուժ կիրառել, որ ծպտունները դուրս չգա»։ Դե, փաստորեն չի թաքցնում, թե ինչու այդքան հապճեպ փոխվեցին ուժային կառույցների ղեկավարները։

Հավանաբար, որպես այդ սպառնալիքի նախնական ցուցադրում, հունիսի 12-ին ոստիկանությունը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկեց՝ խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջի համար։ Այնուհետև,Արաբկիրի ոստիկանության մոտ, նրան սատարելու եկածներից բռնեցին 30-ից ավել մարդու և շուտ էլ բաց թողեցին։

Մեծ հարց է, թե ո՞ւմ վախն էր ավելի մեծ՝ բռնել տվողի թե՞ բռնվողների։ Վերջին երկու տարում վարչապետի և ոստիկանություն տարված անձանց գործողությունները ցույց են տվել, որ վախկոտությունը որպես բնավորության գիծ բնորոշ է առաջինին, իսկ բռնված տղերքն ու աղջիկները բնավ վախկոտ չեն։

Իսկ բռնող ոստիկանները մոռացե՞լ են, որ ապրիլին իրենցից հետ վերցրեցին 26 000-ական փոխհատուցումները։ Մոռացե՞լ են, որ Մարտի 1-ի տուժողներին տրվող փոխհատուցումների մեջ ներգրավված չէին իրենց գործընկերները։ Մոռացե՞լ են, որ թավշյա իշխանազավթումից անմիջապես հետո բանտերից ազատեցին իրենց երեք գործընկերոջը սպանած ահաբեկիչներին։ Մոռացե՞լ են, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ոստիկանների հանդեպ այդ անարդարությունները գործած Փաշինյանին։

Վստա՞հ են, որ թև ոլորելու ու ասֆալտին փռելու պահանջները չեն վերածվի ժողովրդի վրա կրակելու հրամանին։ Աստված չանի կանգնեք նման փորձության առջև, պարոնայք ոստիկաններ․ բայց դատելով զարգացումներից՝ այնքան էլ անհավանական սցենար չէ։

Երկարացված արտակարգ դրությունը չի կարող խանգարել ընդդիմադիր ուժերին կազմակերպել իրենց հանդիպումները, ճշտել անելիքները և ներկայացնել իրենց պահանջները։ Իսկ Փաշինյանն իր օրեցօր ահագնացող վախերով դառնում է անկանխատեսելի, մանավանդ որ ինքն էլ տեսնում է, որ ժողովրդի աջակցության վրա այլևս հույս դնել չի կարող։

Նա ինքը երկու տարվա ընթացքում, հատկապես կորանվիրուսային 3-4 ամիսներում այրեց կամուրջները հանրության բոլոր շերտերի հետ։ Այդ պատճառով էլ որքան որ անհամաչափ ուժ կիրառի նա ընդդիմախոսների հանդեպ, հակազդեցությունն այնքան մեծ թվով դժգոհների կհամախմբի։ Եվ ամենամեծ ընդդիմությունը կդառնա խաբված ժողովուրդը, ով նաև քաղցած է, զայրացած ու անփող։

Լիա Իվանյան , հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ