21 05 2020

Գիտեմ՝ էդ հարցը մեր կենդանության օրոք չի լուծվի․ Ալիկ Սարգսյան․ «Հրապարակ»

Գիտեմ՝ էդ հարցը մեր կենդանության օրոք չի լուծվի․ Ալիկ Սարգսյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Շատերը գուցե արդեն մոռացել են, սակայն Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում դեռ վաղնջական ժամանակներից Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ եւս մի քրեական գործ կա հարուցված, որը շարունակում են քննել։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որը 2008-ին նախագահի խորհրդականն էր, եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Նրանց երկուսին էլ ՀՔԾ-ն մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որ նրանք, օգտագործելով իրենց դիրքը, փորձել են ապացույցներ կեղծելով՝ թաքցնել Մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները։ 

ՀՔԾ-ում գործը հարուցել են, մեղադրանքը՝ առաջադրել, մարդկանց հայտարարել հանցագործ ու քաշվել մի կողմ։ Արդեն ութ ամիս է, ինչ այս գործով որեւէ տեղաշարժ չկա, որեւէ մեկին չեն կանչել հարցաքննության, որեւէ քայլ չեն կատարել գործի բացահայտման ուղղությամբ, որեւէ հնարավորություն չեն տալիս, որ մեղադրյալ հայտարարված անձինք ապացուցեն իրենց անմեղությունը, թեպետ մեղադրող կողմը՝ ինքը, նախ պետք է ապացուցի նրանց մեղավորությունը, որը, սակայն, չի անում կամ դիտավորյալ չի ցանկանում անել։ 

Գեւորգ Կոստանյանին մեղադրանք են առաջադրել 2019-ի նոյեմբերի 25-ին, այսինքն՝ վեց ամիս առաջ, իսկ Ալիկ Սարգսյանին՝ 2019-ի սեպտեմբերի 25-ին՝ ութ ամիս առաջ։ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել, որովհետեւ նրան հրավիրել էին ներկայանալ նախաքննական մարմին՝ հարցաքննության, բայց չէր եկել։ Կոստանյանը, որն անցյալ տարվանից գտնվում է Մոսկվայում, թերեւս կանխազգալով, որ Հայաստան գալով դառնալու է նոր Հայաստանի իրավապահ մարմինների հերթական շոուի դերակատարն ու զոհը եւ անմիջապես կալանավորվելու է, պայման դրեց նրանց առջեւ՝ կգա, եթե ապահովվի բաց, հրապարակային հարցաքննություն, որ բոլորը լսեն իրեն եւ իմանան՝ իրականում ինչ է տեղի ունեցել։ Իրավապահները մերժեցին Կոստանյանի առաջարկ-պայմանը, արդյունքում նա մինչ օրս շարունակում է ապրել Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ ռուս իրավապահներն էլ Կոստանյանին ձերբակալելու եւ նրան հայկական կողմին հանձնելու մտադրություն կարծես չունեն, ինչպես չունեն Միհրան Պողոսյանի, Վահագն Հարությունյանի, շուտով գուցե նաեւ Գուրգեն Խաչատրյանի եւ այլոց դեպքում։ 

Գեւորգ Կոստանյանը երեկ մեզ հետ զրույցում կրկնեց նույնը, ինչ ասել էր ամիսներ առաջ, որ կգա, եթե բավարարեն հրապարակային հարցաքննություն անցկացնելու իր պայմանը։ «Ես ասել եմ՝ ես գալիս եմ հրապարակային մասնակցեմ հարցուպատասխանին»,-հիշեցրեց նա՝ նշելով, որ ինքը քաջ գիտակցում է, որ գալուն պես անմիջապես կալանավորվելու է, բայց ինքը նույնիսկ դրան է պատրաստ։ Կարեւորը, ըստ Կոստանյանի, լինի հրապարակային հարցուպատասխան։
Խոսեցինք նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։ Նա էլ ասաց, որ շուտով արդեն ութերորդ ամիսն է լրանում, որ իրեն մեղադրանք են առաջադրել, սակայն որեւէ անգամ այս ընթացքում չեն հրավիրել հարցաքննության։ Փոխարենը՝ նրա նկատմամբ կիրառել են խափանման միջոց ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին, ու մինչեւ հիմա նրա ձեռքն ու ոտքը կապված են՝ երկրից չի կարողանում դուրս գալ։

«Երեւի ոչ էլ իմանաք՝ ինչ եղավ էդ գործով, ես գիտեմ՝ էդ հարցը մեր կենդանության օրոք չի լուծվի, հարուցել, դրել տակները՝ նստել են։ Արդեն ութ ամիս է՝ էդ գործը հարուցել են, ութ ամիս է՝ ճամփեքս փակել են, ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին, եւ վերջ, որեւէ բան չեն արել մինչ օրս։ Իրենց գործը ճամփեքս փակելն էր, նպատակը ոչ մեկին հայտնի չէ, Աստծուն էլ հայտնի չէ»,- ասաց նա։

Հարցին՝ գործով անցնող այլ անձինք կա՞ն, գոնե, որոնց կանչել են հարցաքննության, նախկին ոստիկանապետն ասաց․ «Ես բոլոր այն մարդկանց, որոնց անունները, որ տալիս եմ, միտումնավոր ո՛չ զանգում եմ, ո՛չ կապի եմ դուրս գալիս, իմ նախկին գործընկերներն են, որոնց հետ ես աշխատել եմ՝ Աֆյան Սաշիկ, մյուսներ։ Ես միտումնավոր նրանց չեմ զանգում, որեւէ մեկի հետ կապ չեմ պահում, թեկուզ բոլորի հետ էլ լավ հարաբերություն ունեմ, որ չասեն՝ զանգում էի, պայմանավորվում էի հետները՝ ով ինչ պիտի գրի։ Ութ ամիս հետները կապս կտրել եմ հանուն էդ հարուցված չարաբաստիկ գործի»։

Մենք դիմեցինք ՀՔԾ՝ հասկանալու, թե ինչ նորություն կա այս գործով, որեւէ մեկին կանչե՞լ են հարցաքննության կամ ինչո՞ւ չեն հարցաքննում, օրինակ, Ալիկ Սարգսյանին։ ՀՔԾ-ից խոստացան պատասխանել, բայց մինչեւ օրվա վերջն այդպես էլ պատասխան չստացանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ