«Հրապարակ»-ը գրում է․ «Մեկ քայլը մարդուն կարող է տանել դեպի անդունդ և կարող է տանել դեպի լույս, դեպի տաճար:
2000 տարի մեր քայլերն ուղղված են եղել դեպի տաճար, ու այսօր կարծես թե կանգնած ենք կորստյան անդունդի եզրին` հայի տեսակի, հողերի, լեզուս չի պտտվում ասել՝ պետականության կորստի անդունդի առջև, որը, վստահ եղեք, թույլ չե’նք տա:
Սթափվե՛ք տիկնայք և պարոնայք՝ պարոն վարչապե՛տ, երեսփոխաննե՛ր, իշխանավորնե՛ր: Ձեզ դրսևորեք այնպես, ինչպես վայել է պետությունը ներկայացնող հանրային դեմքերին, ո՛չ թե փողոցային թատրոնի՝ կապկազ թամաշայի դերասանների:
Էս ի՞նչ եք անում: Դուք ունա՞՞կ եք ձեզ նայել, հատկապես՝ լսել կողքից: Մի՞թե այն արևմտյան բուհերում, որտեղ սովորել եք, այն միջազգային կառույցներում, որտեղ թրծվել եք, չեն սովորեցրել լսել, կառուցողական քննադատության հետ հաշվի նստել: Ձեզ չե՞ն սովորեցրել հանրային դեմքի էթիկետ, կառավարողին ու օրենսդիրին վայել այլ հատկանիշներ, ձեր խոսքն ու գործը վերլուծել, սխալները ընդունել:
Թե՞ ձեր համալսարանը փողոցն է, ու շուտով էթիկայի հանձնաժողովը նոր չափանիշներ կսահմանի: Էլ ի՞նչ կործանարար փոփոխություններ կարող եք անել այս երկրում ձեր «աննախադեպ»-ի մտասևեռումով: Կարո՞ղ է մի օր էլ Ազգային ժողով տանեք ազգային արժեհամակարգի ձեր նախագիծն ու ձեր «հպարտ», լեգիտիմ կոճակներով ընդունեք:
Բոլոր տեսակի համբերության բաժակները լցվել են:
Ես ու ինձ նման բազմահազար վերլուծող, եզրակացության հանգող տագնապահար քաղաքացիներ ամաչում ենք, էփվում ենք՝ տեսնելով այսպիսի Խորհրդարան, կառավարման այսպիսի համակարգ, ֆեսբուքյան այսպիսի իշխանություն: Բազմաթիվ ֆեյքեր, կռապաշտ–մթագնածներ, անպայման հայհոյելով, կհարցնեն՝ արդյոք նախկինում էփվել ու ամաչե՞լ ենք, որին կարող եմ պատասխանել այլ հրապարակումով, իսկ հայհոյանքի բումերանգը վերադարձնել հասցեատիրոջը:
Պարո՛ն Փաշինյան, Դուք վարչապե՞տ եք, թե՞ պետական համակարգի հասարակայնության հետ կապերի բոլոր վարչություններն ու մամուլի խոսնակները՝ միասին վերցրած: Զբաղվե՛ք Ձեր գործով, հնարավորություն տվեք, որ գործեն պետական պաշտոնական լրատվության ինստիտուտն ու խողովակները: Վերջ տվե՛ք այդ անպատրաստ լայվերին, իմպրովիզներին, պահի ազդեցությամբ տարօրինակ, հաճախ էլ՝ վտանգավոր մտքեր ու գաղափարներ գեներացնելու Ձեր սովորույթին:
Ուղիղ կապ տեսե՛ք ֆեյսբուքի կռապաշտ հանրության ականջին նետած Ձեր յուրաքանչյուր մտքի ու իրական հանրության վարքագծի, արարքների միջև: Ուղիղ կապ տեսեք սամասուդի մասին Ձեր դատողությունների ու Գավառի դեպքերի միջև, ու այդպես շարունակ:
Որտե՞ղ են Ձեր խորհրդականնները, Ձեր ճառագիրները, ինչի՞ համար են աշխատավարձ ստանում. թե՞ սա պետության ու մեկ մարդու ինվերսիա է: Ասում են՝ Սերժ Սարգսյանը կարդում էր, բանավոր չէր խոսում: Ավելի լավ չէ՞ երկրի ղեկավարը կարդա հազար անգամ չափած ու ձևված խոսք, քան՝ անվերջ խմբագրի ու սրբագրի իր ասածները՝գործի դնելով խմբագրի իր նախկին փորձը:
Ես մի քանի անգամ Սփյուռքին առնչվող երկրի ղեկավարի խոսքի նախագիծ եմ պատրաստել: Հարյուրավոր, հազարավոր էջեր եմ կարդացել՝ երեք-չորս էջ գրելու համար, որից հետո այն հետո անցել է քաղաքական, դիվանագիտական ու բազում այլ մաղերով:
Ինչ՞ են տալիս երկրին Ձեր ճարտարախոսությունը, բանավոր խոսքի սոփեստական տեխնոլոգիաներին տիրապետելու բնածին ու ձեռքբբերովի ունակությունները:
Ձեզ թվում է, որ երկրի կարող ուժերին վարկաբեկեցիք, սև ու հակահեղափոխական անվանեցիք, պետությունը կառուցելու գործից հեռու պահեցիք, բոլորն իրենց բանականությունն ու գիտելիքները, դատելու ունակությունը կորցրի՞ն:
Էս ի՞նչ է կատարվում մեր երկրի ու ժողովրդի հետ: Ո՞նց կարող է հայը հայի վիզ կտրել ու արյուն խմել:
Սթափվի՛ր ազգ, քեզ ցիրուցան են անում, մասնատում, դու դառնում ես աբորիգեն, մարդակեր ցեղախումբ, դու միլիոն տարի ետ ես գնում: Դու նմանվում ես թուրքին:
Թալեաթ փաշայի անունից հայ ժողովրդին ֆուտուրիստական նամակ գրող ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ դյուրահավատ ես, հա՛յ ժողովուրդ:
Չէ՛, դու կույր ու դյուրահավատ ես, հա՛յ ժողովուրդ: Դու գնացիր Գյումրիից դուրս եկած բալագանի՝ ասել է թե՝ շրջիկ թատրոնի ետևից, որին միացան քյանդրբազներն ու թամաշաների սիրահարները: Միանալը գին ուներ: Դու գնացիր քաջ նազարների մի բազմության ետևից՝ առանց գիտակցելու, թե ով է սցենարիստը, և թատերական որ ժանրով է խաղարկվելու բալագանը՝ ողբերգությա՞ն, կատագերգությա՞ն, թե՞ դրամայի:
Երկրի ղեկավարը, ով իրեն բանաստեղծ է համարում, ժողովրդի մասին երգի տողեր է գրում, յուր սեփական ձեռքով գրած մտքի փայլատակումը (ես կասեի՝ ալոգիզմը) դաջում է բոլոր հնարավոր մեծ ու փոքր ցուցապաստառներին, պատերին, գորշ զանգվածների շուրթերին, ամենուրե՛ք:
Այդ նույն վարչապետը, որ զանազան ոտանավորներ է արտասանում, այս երկու տարվա ընթացքում գոնե մեկ անգամ հիշե՞լ է Չարենցի ծածկագիր-պատգամը, որը մեր ժողովրդի գոյաբանության հիմքն է: «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժ մեջ է»: Հավաքակա՛ն ուժի, ոչ թե՝ պառակտման, քայքայման, գունաբաժանման:
Չարենցին խաչել ու մարմինն անհետացրել են հենց այդ ծածկագիր-պատգամի համար, ու մատնիչը եղել է այն նույն գորշ, միջակ բանաստեղծը՝ Ազատ Վշտունին, որի անտաղանդ «Հուզանք ու զանգ» գործի բեմադրությունը ֆինանսավորեց Թումանյանի գեթ մեկ քառյակ չիմացող սուպեր-բազմավեկտոր նախարարը: Կարծում եք՝ պատահաբա՞ր է մոռացվում Չարենցի պատգամը, ու դիվային հուզանքներ, ոռնոցներ են հնչում Հանրապետության հրապարակում: Բուծվում-խրախուսվում է Վշտունու մատնիչ տեսակը: Խրախուսվում է ֆուտուրիզմն ու պրոլետ-կուլտական մշակույթը: Հանուն անհայտ վաղվա՝ այրել անցյալը, 30 տարին, խայտառակել երկրի վարկանիշը, թքել-մրոտել ամեն ինչ ու բոլորին, ովքեր դուրս են քաղաքացիական կոչվող պայմանագրի շրջանակներից:
Ինչպե՞ս կարող էր Էրեբունիից Երևան դարձած մայրաքաղաքի քաղաքապետը լինել ապադաստիարակիչ սերիալներում խայտառակ դերեր խաղացողը: Չեմ ասում՝ դերասանը, դերասանը Փափազյանն էր, Ներսիսյանը, Խորենը, Սոսն ու նրանց տեսակը: Ծաղրածուն արքա է դառնում: էս մեր ո՞ր թագավորի տեսած անհավատալի, ողբերգական երազն էր, որ իրականացավ:
Սույն քաղաքապետաց քաղաքապետը արևի, լույսի, գույների երկիրը հռչակեց սև ու ճերմակի երկիր: Տեր եմ՝ ասաց վարչապետը: Ու երկրի վիրտուալ և իրական տարածքներում թնդաց հայհոյանքի, պառակտման, ատելության վայնասունը:
Երկու տարի հետո պարզվեց ճերմակ չէր, այլ՝ իմաստազուրկ դատարկություն: Այդ ճերմակի ետևում բաց թողնված ժամանակ է, վատնված միջոցներ են, Աստված չանի՝ ճակատագրական սխալներ:
Ձեզ ո՞վ է թույլ տվել գույն վերագրել որևէ քաղաքացու՝ երեք միլիոնից մեկին, նրան անվանել վարչապետ, բայց հետո օտարել երկիրը կառուցելու գործից: Օդում մնացած օգնության բազմաթիվ ձեռքեր, որոնք կարող էին պաշտպանել ու կառուցել երկիրը, բռունցքվում են: Բռունցքվում են բալագանի ետևից գնացած մոլորյալների ձեռքերը:
Բոլոր գույները վերադարձնելու և Չարենցի պատգամը ոգեկոչելու ժամանա՛կն է:
Էվելինա Բաղդասարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը