168․am-ը գրում է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Դիմումին արձագանքելու համար ժամկետներ սահմանված չեն, բայց ինչպես մեզ փոխանցեց Հասմիկ Պետրոսյանը, «նախագահն անպայման իր դիրքորոշումը կարտահայտի»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է նախագահ Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր՝ քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները:
«Մեր կողմից բարձրացված հարցը շատ պարզ է և վերաբերում է Նախագահի՝ Սահմանադրության պահպանման գործառույթի իրացմանը և Դատական իշխանության անգործության կանխմանը: Ստեղծվածը թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, և թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք նորմերի, սակայն, հատկապես Սահմանադրության 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է, որի պահպանմանը հետևելը հենց Նախագահի սահմանադրական լիազորությունն է:
Այդ գրությունը մասնավորապես ընդգծում է, որ առկա է ակնհայտ անհրաժեշտություն Նախագահի կողմից նախաձեռնելու գործընթաց՝ ծանոթանալու դատավոր Ա. Դանիբեկյանի անձնական գործին՝ պարզելու համար՝ արդյո՞ք վերջինս առհասարակ կարող է պաշտոնաթող Նախագահին մեղսագրվող արարքի վերաբերյալ քրեական գործը քննության առնել, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս է հնարավոր 2020 թվականի մարտի 13-ից, առանց որևէ տեղեկության, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսային վարակի նման վտանգավոր ցուցանիշների պայմաններում, որևէ գործողություն չկատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ»,- ասված է իրավաբան Սարգիս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը